«Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է». ահա նման մակագրությամբ թռուցիկներով էին այսօր Հյուսիսային պողոտայում երիտասարդները դիմավորում անցորդներին։ Նոյեմբերի 21-ն աշխարհի շատ երկրներում հայտարարված է Չծխելու օր։ Օրվա առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կարևորում է տարբեր կազմակերպությունների կողմից ծխելու դեմ պայքարը։ Նա հատկապես շեշտում է օրենսդրական փոփոխությունների անհրաժշտությունը, ինչին հասնելու համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ։ «Պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ վերջին շրջանում բավականին լուրջ ուշադրություն է դարձվում հակածխախոտային պայքարին։ Խոստովանեմ, որ այսօրվա երիտասարդներն ավելի քիչ են ծխում, քան իմ ժամանակներում։ Երևի դրա պատճառն այն է, որ խորհրդային տարիներին երբեք հակածխախոտային քարոզ չէր իրականացվում»,- նշեց Մխիթար Մնացականյանը։
Միջոցառման ընթացքում կամավորներն անցորդներին տեղեկացնում էին ծխախոտի վնասի մասին, տրամադրում տպագիր նյութեր։ Նրանք անցորդներին խրախուսում էին նետել իրենց ծխախոտները համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց պարգևատրում էին քաղցրավենիքով:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի կամավոր Վանուհի Մազմանյանն ասում է, որ իրենց խնդիրը մարդկանց տեղեկատվություն մատուցելն է, բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ծխելը։ Եվ եթե անգամ իրենց միջոցառման շնորհիվ մի քանիսն էլ հրաժարվեն ծխելու վատ սովորությունից, ապա կարելի է ասել՝ հասել են նպատակին։
42-ամյա Արտակ Դեմիրճյանը ծխում է 12 տարեկանից։ Դատապարտում է երևույթը և ասում, որ ամեն մարդու գիտակցության աստիճանն է որոշում՝ ծխել, թե ոչ։ Համարում է, որ ինքը ծխախոտի գերին չէ և երբեք չի չարաշահում այն։
Հյուսիսային պողոտայում ներկայացված էին նաև Երևանի տարբեր դպրոցների աշակերտների հակածխախոտային թեմաներով նկարները։ Անցորդներն իրենք էին գնահատում նկարները։ Առավելագույն ձայներ հավաքած նկարների հեղինակները կարժանանա մրցանակի։
«Երևանն առանց ծխախոտի» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն