Azatutyun.am․ Փայլակ Հայրապետյանն այսօր «Ազատությանը» տված հարզացրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը:
Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
«Հիմա ես վարձով եմ մնում», – պատմեց Հայրապետյանը:
Անցած տարի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման փաստով, իսկ արդեն այս տարի էլ խոշոր չափերի խարդախություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել գործարար Աշոտ Սուքիասյանի դեմ, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ:
Կարդացեք նաև
«Հետք» պարբերականը լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ գրելով, որ Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերի մեջ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այժմ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը: Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը հերքել են, թե որևէ կապ ունեն օֆշորում գրանցված այդ կազմակերպության հետ: Իսկ թե ինչպես է ստացվել, որ նրանք հայտնվել են այդ ընկերության բաժնետերերի ցանկում, այժմ հետաքննում է ոստիկանությունը: Ինչպես «Ազատությանը» փոխանցել էին ոստիկանությունից այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետները պետք է պարզեն, արդյոք օֆշորային այդ կազմակերպության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանում են վարչապետին, արքեպիսկոպոսին, թե մեկ այլ անձի:
Փայլակ Հայրապետյանն այսօր տված հարցազրույցում պատմեց, թե ինչպես է կորցրել իր ունեցվածքը: Հայրապետյանը պնդեց, որ ինքն իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի ներկայությամբ: Հենց այնտեղ է Աշոտ Սուքիասյանը ասել, թե ոսկու և ադամանդի հանքեր ունի և կարող է հումք բերել աֆրիկյան այդ պետությունից: Սուքիասյանն ասել է, թե այդ ամենի համար 12 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը ձեռք բերելու համար Փայլակ Հայրապետյանը համաձայնել է «Ամերիա» բանկում գրավադրել իր ունեցվածքը, հույսով, որ ստացված հումքը Հայաստանում մշակելու հնարավորություն կունենա:
Մանրամասները՝ Azatutyun.am-ի կայքում