Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը

Նոյեմբեր 21,2013 18:14

Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ի վեր կայուն բանկային համակարգի ձևավորումը Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է եղել: Նա նշեց, որ այսօր Հայաստանում առևտրային բանկերից 5-ում օտարերկրյա կապիտալ ներդրողները սփյուռքահայեր են: Նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց «Պրոմեթեյ» բանկին և Հայբիզնեսբանկին նախարարության ծրագրերը հովանավորելու և սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպումը ֆինանսավորելու համար:

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը այս նախաձեռնության համար՝ շեշտելով, որ համաժողովի անցկացումը Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի մասնագետների ջանքերը համախմբելու արդյունավետ միջոց է և կրելու է շարունակական բնույթ:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Լիբանանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ դոկտոր Հարություն Սամուելյանը, ով 1994 թվականից ի վեր մեծ ներդրում է ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի և բանկային համակարգի ձևավորման գործում: Դոկտոր Սամուելյանը ներկայացրեց Հայաստանի և Լիբանանի բանկային համակարգի համեմատական նկարագիրը: Ներկայացնելով Լիբանանի օրինակը՝ Մենեջմենթ Միքս ընկերության տնօրեն Ռաֆի Սեմերջյանը հորդորեց սփյուռքհայերին ավանդներ ներդնել Հայաստանում:

Ոլորտի մասնագետները ներկայացրին նախորդ 20 տարիների ընթացքում ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման դինամիկան: Քննարկելով Հայստանի ֆինանսական համակարգի զարգացման միտումներն ու մարտահրավերները՝ մասնագետները նշեցին, որ ջանքերը պետք է ուղղել օտարերկրյա ֆինանսական կապիտալը հայաստանյան բանկերում ևս ներդնելուն: Առաջարկներ հնչեցին այլ երկրների օրինակով պետական քաղաքականությամբ խրախուսել ներդրումների հոսքը:

Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց ֆինանսական ճգնաժամի տարիներին ՀՀ ֆինանսական և բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ցուցանիշները, ինչը վկայում է համակարգի կայունության և գործընթացների արդյունավետության մասին: Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանի ելույթից հետո Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ առաջարկով՝ ստեղծել բանկերի համահայկական միություն:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքների, ֆինանսական հատկացումների մասին և վստահություն հայտնեց, որ ոլորտի ներկայացուցիչները իրենց ներդրումը կունենան սիրիահայերին աջակցության ծրագրում: Ամերիկահայ գործարար Րաֆֆի Արդհալջյանը ներկայացրեց առաջարկներ «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագրի իրականացման համար:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտեց օտարերկրյա կապիտալի ներդրման կարևորությունը Հայաստանում և նշեց, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը Հայաստանի բանկերի միության հետ, որը համահայկական բոլոր համաժողովներին սփյուռքահայ մեր հայրենակիցներին կներկայացնի Հայաստանի բանկային համակարգը: Նախարարը կոչ արեց բոլոր սփյուռքհայերին բանկային հաշիվներ ունենալ հայյրենիքում:

 

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930