Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնական են արդյո՞ք մեր և Կարմիր բլուրում ապրած մարդկանց գեները

Նոյեմբեր 21,2013 18:11

Կարմիր բլուրի մերձակայքում գտնվող մեծ դամբարանադաշտը չէր հայտնաբերվի, եթե չորոշվեր Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել շրջանցող ճանապարհ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը և բացատրեց՝ ինչու. «Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվեց տարածքը: Պարզվեց, որ զգալի մի հատված զուրկ է մշակութային շերտերից, իսկ մյուս հատվածում բացվեց դամբարանադաշտը: Հիմա մենք կարող ենք ասել, որ պեղել ենք ոչ թե առանձին դամբարաններ, այլ մի մեծ դամբարանադաշտ»:

Նրա խոսքով՝ դամբարանադաշտը մինչ օրս հայտնի չի եղել, որովհետև որևէ վերգետնյա նշան այստեղ գոյություն չունի, բացի այդ, տարածքը ժամանակին եղել է պտղատու այգի, և որևէ մեկի մտքով չի էլ անցել, որ այստեղ կարող է լինել այսպիսի վիթխարի պատմամշակութային արժեք:

Հակոբ Սիմոնյանն ասում է, որ այն, ինչ հայտնաբերվել է Կարմիր բլուրում, փաստորեն, ժամանակին պահված է եղել Էրեբունիում, որովհետև Կարմիր բլուրը եղել է Վանի թագավորության փոխարքայի նստավայրը, որտեղ վիթխարի միջոցներ են կուտակվել:

«Ի՞նչ են տալիս մեզ դամբարանադաշտի պեղումները: Մենք գիտենք Կարմիր բլուրի մշակույթը, պաշտպանական համակարգը, գիտենք՝ ինչպիսի տներում են մարդիկ ապրել և այլն, բայց թե ովքեր են ապրել այդտեղ, չգիտենք»,- ասաց պարոն Սիմոնյանը և նկատեց, որ էթնոգենեզի համար շատ կարևոր է իմանալը, թե ովքեր են ապրել այնտեղ:

«Նրանց պատկանելությունը հնարավոր է պարզել ԴՆԹ-ի միջոցով: Մենք արդեն ԴՆԹ-ի որոշակի խմբաքանակ ուղարկել ենք Կոպենհագեն: Այն կարող է պարզել, թե դամբարանում թաղվածներն իրար հետ ինչ առնչություններ են ունեցել: Հետագայում, դարձյալ ԴՆԹ-ի միջոցով, արդեն կկարողանանք պարզել՝ Կարմիր բլուրում ապրած մարդկանց և մեր գեները նույնակա՞ն են, թե՞ ոչ»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ մինչև հիմա իրենք բացել ենք շուրջ 30 դամբարան, իսկ ամբողջովին պեղվել է երկու դամբարան: Երկու դամբարանում էլ երկուական կմախք է հայտնաբերվել: «Սա արդեն թաղման ծեսի մասին հստակ պատկերացում է տալիս՝ տիրոջ հետ թաղել են նաև ծառային կամ դայակին: Մարդիկ դամբարան են դրվել կծկված ոտքերով, տղամարդիկ՝ աջ, կանայք՝ ձախ կողքի վրա պառկած»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Բանախոսը ուշադրություն հրավիրեց նաև տարազի վրա. «Պարզվում է, որ առաջին դամբարանում թաղված բարձրահասակ կինը, որն ունի երկար մատներ, աջ ոտքին կրում է բրոնզե ճարմանդ, որով զարդարված է եղել նրա հագած կոշիկը, իսկ երկրորդ դամբարանում թաղված երիտասարդը կրում է ուսագոտի, որը զարդարված է բրոնզե դրվագազարդ թիթեղով»,- ասաց պարոն Սիմոնյանը և տեղեկացրեց, որ հիմա այդ գտածոները լաբորատոր վերականգման գործընթացում են, իսկ երբ ավարտվեն այդ աշխատանքները, փոքրիկ ցուցահանդես կկազմակերպեն:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930