Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանշան»-ը գծում է, քաղաքապետարանը ջնջում` քամուն տալով բյուջեի փողերը

Նոյեմբեր 21,2013 17:04

asfaltapatumic-heto asfaltapatumic-araj Օրերս «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը ստանձնել է մայրաքաղաքի փողոցների նշագծումների աշխատանքը, մեկ-երկու օր շարունակ գծեց ու թարմացրեց Թումանյան փողոցի վրա գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի դիմացի կանգառի դեղին-կարմիր գծերը:

Չանցած երեք օր, Երեւանի քաղաքապետարանը Թումանյան փողոցում սկսեց ասֆալտապատման աշխատանքներ` հիմնահատակ ավերելով «Լուսանշան»-ի արած գործը: Հին ասֆալտը քանդելուց հետո կանգառում կարմի-դեղին գծերից հետք անգամ չմնաց:

Ձեր աշխատանքները չե՞ք համաձայնեցնում քաղաքապետարանի հետ, որպեսզի պետբյուջեի գումարները քամուն չտրվի, Aravot.am-ի հարցին՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Սաֆարյանն ասաց, որ երկու տարի առաջ նստել են ու քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության հետ պայմանավորվել, որ կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման ենթակա փողոցների ցանկը տրամադրվի ՊՈԱԿ-ին, որպեսզի համագործակցված աշխատեն:

Ըստ պարոն Սաֆարյանի, այդպես էլ վարվում են, սակայն լինում է մեկ-երկու դեպք, որ տեղյակ չեն լինում այս կամ այն փողոցում կատարվելիք ասֆալտապատման աշխատանքներից, քանի որ դրանք ոչ թե ողջ փողոցի, այլ հատվածաբար կատարվող աշխատանքներ են լինում. «Մեր աշխատանքները սկսվում են մարտին, եւ եթե ապրիլին պետք է ասֆալտ անեն, սպասում ենք, որ ավարտեն, նոր նշագծումներն անենք: Մենք փողոցների ցանկը ունենում ենք»:

Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժե մեկ կանգառը գծանշելը եւ եթե քաղաքապետարանը «ջնջում» է գծածը, ապա նորի՞ց են նույն կանգառի համար բյուջեից լրացուցիչ գումար պահանջում: «Այո»,-ասաց պարոն Սաֆարյանը:

Նրա տվյալներով, մեկ կանգառի դեղին-կարմիր գծերը նկարելու համար, ծախսվում է 15 կիլոգրամ ներկ: Գծանշող մասնագետի վարձատրությունն էլ գումարած, ապա մեկ կանգառի նշագծման ընդհանուր ծախսը կազմում է մոտ 15 հազար դրամ. «Ճանապարհային ոստիկանությունը մեզ առաջադրանք է տալիս, ես առանց առաջադրանքի մատս մատիս չեմ խփի, առաջադրանքը որ տալիս են, գումարներն էլ կվարտալ-կվարտալ փոխանցում են, Ճանապարհային ոստիկանությունն է որոշում՝ որտեղ պետք է գծանշում անենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930