Այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքից դժգոհ քաղաքացիներին երկար սպասեցնելուց ու նրանց բացականչությունները լսելուց հետո նոր միայն կառավարության նամակների ընդունման բաժնի պետը` Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ նրանց: Մինչ ցուցարարներին մոտենալը պարոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասում էր, որ իմաստ չի տեսնում նրանց մոտենալ, ասում էր, որ բազմաթիվ անգամներ նրանց հետ խոսել է, շատերին անգամ անուններով ճանաչում է: Նրա խոսքով, ցուցարարները թող գրավոր ձեւակերպեն իրենց ասելիքները ու ներկայացնեն իրեն:
Բայց հետո, երբ ակտիվիստները երկար պնդեցին` մոտենալ իրենց ու պատասխանել իրենց բարձրացրած հարցերին, պարոն Ղազարյանը զիջեց:
Մոտեցավ, պահանջեց ակտիվիստների ասելիքների գրավոր տարբերակը:
«Մեր խնդրանքն ու կոչը ձեզ . տարբեր լրատվամիջոցներով լսում ենք այն հարցերը, որոնք դուք պարզաբանում եք, այդ նույն հարցերն ունենք նաեւ մենք ձեզ տալու եւ ունենք հակափաստարկներ` բանավեճի ֆորմատով: Մենք ձեզ հրավիրում ենք քննարկման: Սա քննարկման հրավերքի գրավոր տարբերակն է»,- դիմում-պահանջը պարոն Ղազարյանին հանձնելիս ասաց ակտիվիստներից մեկը:
Կարդացեք նաև
Հետո մյուս ակտիվիստները սկսեցին պահանջել նաեւ բանավոր պատասխան իրենց մտահոգությունների ու բարձրացրած հարցերի վերաբերյալ, իսկ հենց այդ պահին Ղազարյանը շրջվեց ու հեռացավ:
Նրա հետեւից ցուցարարները գոռում էին` ամոթ ու սուլում էին` վանկարկելով պա-տաս-խան:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ