Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դոպինգի դեմ պայքարը պետությանը չի հետաքրքրում

Նոյեմբեր 21,2013 15:58

Այս հետեւությանը հանգեցինք վերջերս Իոհանեսբուրգում կայացած Հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) համաշխարհային կոնֆերանսին մասնակցած Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ զրույցից հետո, որը մասնակցել էր կոնֆերանսի աշխատանքներին:

Պարզվում է, որ բոլոր երկրներում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չերնոգորիան եւ Ալբանիան, ի տարբերություն Հայաստանի, ներքին բոլոր մրցումների ժամանակ դոպինգ ստուգում է անցկացվում: Իսկ մեզ մոտ նման բան չկա: Այդ երկրներում պետական բյուջեով ֆինանսավորում է նախատեսված: Մեզ մոտ` ոչ: Բյուջեում նման կետ չկա: Չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի տակ Հայաստանը ստորագրել է եւ որը վավերացրել է ԱԺ-ն: Այնտեղ գրված է, որ պետությունը պետք է նպաստի դոպինգ ստուգումների իրականացմանը:

Արեգ Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի ոչ մի առաջնությունում եւ առաջին հերթին` ծանրամարտում, մրցումների ժամանակ դոպինգ ստուգում չի անցկացվում: Մեր հարցին, թե ՀԱՕԿ-ն այդ գործում անելիք չունի՞, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Օլիմպիական կոմիտեն զբաղվում է միայն օլիմպիական թիմերով` օլիմպիական խաղերի փուլում: Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր օլիմպիական հավաքականի յուրաքանչյուր անդամի դոպինգ ստուգում իրականացրել է, իսկ ծանրորդներին` 3-4 անգամ: Ուր էր, թե ընդհանրապես այդպես լիներ… Օլիմպիական կոմիտեն իրավունք չունի Հայաստանի առաջնությունների ժամանակ դոպինգ ստուգում անցկացնել: Դա պետության պարտականությունն է»:

Որ պետությունը լուրջ չի վերաբերվում դոպինգի դեմ պայքարին, ցույց է տալիս նաեւ այն, որ Իոհանեսբուրգում անցկացված կոնֆերանսին մասնակցել են գրեթե բոլոր երկրների սպորտի նախարարությունների ներկայացուցիչները: Իսկ Հայաստանից ոչ ոք չի եղել: Եվ դա այն դեպքում, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում VADA-ից նամակ ստացվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930