Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյանն առաջարկում է վերակենդանացնել Գյուլիստանի պայմանագիրը

Նոյեմբեր 21,2013 15:57

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր «Փաստարկ» ակումբում տեսակետ հայտնեց, որ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կատարմամբ «վենսկի վալսը» չստացվեց, քանի որ երկու նախագահները «դատարկ գրպաններով ներկայացան Վիեննայի հրապարակ»:

Ըստ մարքսիստի՝ այս բոլոր հանդիպումները եւ բանակցությունները իմիտացիոն դիվանագիտական բնույթի գործընթացներ են, ֆարս են, եւ երկու կողմերն էլ ուղղակի ձգձգում են գործընթացը՝ կարգավորման ամբողջ բեռը չորրորդ նախագահի վրա գցելու հեռանկարով. «Արցախյան վիկինգների դինաստիան՝ Ռոբին Հուդն ու Սերժ Ազատիչը Արցախի խաղաքարտը օգտագործում են իրենց վիկինգների դինաստիան պահելու համար»:

Փոխարենը Դավիթ Հակոբյանն առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ազգային ժողովի որոշումով դուրս գա բանակցություններից, տեղի զիջի Արցախին, ինչով ոչ միայն կճանաչի Արցախի իրավունքը՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու, այլ նաեւ դիվանագիտական ռելսերը կդրվի ռազմական դիվանագիտության վրա: Ու դրանից հետո Արցախն է որոշում իր ապագան՝ Գյուլիստանի պայմանագիրը վերակենդանացնել եւ հանրապետության կարգավիճակով մտնել Ռուսաստանի կազմ, մարզի կարգավիճակով՝ ՀՀ կազմ, թե մնալ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: «Մեզ շատ ավելի լավ կլինի, եթե Արցախը 20 հազար կմ2 տարածքով մնա միավոր՝ ռուսական տարածքի վրա, քան 5 հազար կմ2 տարածքով մնա հայկական մարզ: Ավելի բարձր կարգավիճակ է լինել Ռուսաստանում հանրապետություն, քան Հայաստանում Գորիսի նման մարզ: Մենք չենք կարող հայ զինվորի արյամբ ազատագրված տարածքները հանձնել»,-այսպես ասաց պարոն Հակոբյանը, մոռանալով, թերեւս, որ հողը հանձնելիս էական չէ՝ ռուսներին, թե ադրբեջանցիներին ես հանձնում: Պատճառը, հավանաբար, այն է, որ նա ռուսներին «մենք» է համարում. մի պահ նույնիսկ ասաց՝ «ռուսական ավիացիան հետ էր ամերիկյանից տաս տարով, հիմա մենք առաջ թռանք»: Մեր հարցին՝ մե՞նք, պարոն Հակոբյանը վրդովված ավելացրեց՝ «այն ավիացիան, որը մեզ է պաշտպանում, հո ամերիկյան օդաչունե՞րը չեն մեզ պաշտպանելու»:

Ըստ մարքսիստի, եթե Ղարաբաղը չմտնի ՌԴ կազմի մեջ՝ մեզ սպասվում է արաբա-իսրայելական հակամարտության ճակատագիրը՝ «70 տարի է, մխում է արաբա-իսրայելյան տարածքը, ամերիկյան ու եվրոպական ռազմարդյունաբերությունը հարստանում է այդ հակամարտության շնորհիվ: Իսկ եթե Արցախը մտնի Ռուսաստան՝ հանրապետության կարգավիճակով, 1 մլն մարդ կվերադառնա եւ կապրի Արցախում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930