Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ եկող տարի պետբյուջեից այս ոլորտին կհատկացվի մոտ 81 միլիարդ դրամ:
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի 12%-ով կավելանան առողջապահության ոլորտին ուղղված ծախսերը: 2014 թվականի բյուջով նախատեսվում է շուրջ 80,7 միլիարդ դրամ, նախորդ տարվա 72 միլիարդի փոխարեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Aravot.am-ի այն հարցին, արդյոք հատկացված գումարից գո՞հ է նախարարությունը, կամ որքա՞ն գումար ավելի կցանկանար ստանալ նախարարությունը, որպեսզի լիարժեք աշխատեր, պարոն Ծատուրյանը պատասխանեց. «Ընդհանրապես ինձ հայտնի չէ, որեւէ երկիր, որ առողջապահական համակարգին տրվող ֆինանսական համակարգից գոհ լինի, նույնիսկ ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներում ոլորտը միշտ լրացուցիչ ֆինանսավորման խնդիր է բարձրացնում»:
Պարոն Ծատուրյանի խոսքերով` բուժծառայությունների նոր մեթոդները, նոր դեղորայքներն ու այլ նորամուծությունները, ծախսերի ավելացման են հանգեցնում. «Իհարկե, մեր պարագայում մենք տարբերվում ենք այլ երկրներից նրանով, որ առաջին անհրաժեշտության ծառայությունների միջոցները միշտ չէ, որ բավարարում են»: Ըստ նախարարության ներկայացուցչի, Հայաստանի առողջապահության ոլորտին տրվող գումարը կազմում է ՀՆԱ-ի 1.6%-ը: Պարոն Ծատուրյանի դիտարկմամբ` կարեւորը` գումարը ճիշտ ծախսելն է` չփոշիացնել, չվատնել:
Մանրամասն` տեսանյութում
Եկող տարի հուլիսի 1-ից արտահիվանդանոցային , այսինքն` պոլիկլինիկաների եւ այլ պետական բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նշեց պարոն Ծատուրյանը, կավելանան: Բժշկի 1 դրույքը միջինը կլինի 178 հազար դրամ, բուժանձնակազմի այլ աշխատակիցներինը` միջինը 76 հազար դրամ:
Ըստ առողջապահության գործակալության պետի, եկող տարի նախատեսվում է անվճար բուժօգնություն ստացողների թիվը ավելացնել, եւ ներառել ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նաեւ այն նպաստառուներին, որոնց անապահովության միավորը կլինի նույնիսկ `30-ը, այսինքն՝ 30-36 միավոր ունեցողներին: Ըստ այդմ, պարոն Ծատուրյանի ներկայացմամբ` անվճար բուժսպասարկում ստացողների թիվը կավելանա շուրջ 270 հազար քաղաքացիներով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ