Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը մասնակցել են «Երևան քաղաքի ներդրումային հնարավորությունները» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ներդրումային և քաղաքաշինական խոշորամասշտաբ ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը, ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման և, մասնավորապես, ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկները, նշել է, որ քաղաքապետարանն այսօր ակտիվորեն համագործակցում է ավելի քան 50 քաղաքների և 7 միջազգային կազմակերպությունների հետ և պատրաստակամ է իր լիազորությունների չափով աջակցելու դրանց իրականացմանը: Նշվել է նաև, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցություն է ծավալում հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կազմակերպվել է նաև Երևանի քաղաքաշինական ներդրումային ընդգրկուն ծրագրերի շնորհանդես: Առաջարկվող նախագծերը ներկայացվել են նաև 3D պատկերներով: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ գործնական հետաքրքրության դեպքում քաղաքապետարանը կտրամադրի համապատասխան աջակցություն և ծրագրերի առավել մանրամասն նկարագրություն:
Ծանոթանալով ծրագրերին՝ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը շնորհակալություն է հայտնել ներկայացման համար և նկատել, որ Երևանի կողմից առաջարկվող ներդրումային փաթեթները կարող են հետաքրքրել Քուվեյթի ներդրողներին, և այդ նպատակով դրանք կներկայացվեն առևտրաարդյունաբերական պալատին, ինչն առավել մանրամասն պատրաստ են քննարկելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էլ-Քուվեյթ կատարելիք այցի շրջանակում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այսօր քաղաքապետարանի կողմից մշակվում են տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի նոր առաջարկներ, որոնք ևս կարող են գործարար հետաքրքրություն ներկայացնել:
«Մշտապես ուսումնասիրելով միջազգային փորձը և կարևորելով համագործակցության ամրապնդումը՝ վստահ ենք, որ Երևանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը հնարավոր կլինի առաջիկա տարիների ընթացքում կյանքի կոչել և այդպիսով խթանել ներդրումների ներգրավումը մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կշարունակի երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի զարգացմանն ուղղված աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն