Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս, ըստ Գառնիկ Մարգարյանի՝ «վաճառվեցին» Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 15:00

«Ազատամարտիկների մոտ կա ճշգրիտ խոսք, ճշմարտություն եւ կա վճռականություն ու հանդգնություն, որը բացակայում է առանձին քաղաքական ուժերի, կառույցների կամ հասարակական կազմակերպությունների մոտ»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն՝ անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորաբար, արդեն մի քանի ամսվա պատմություն ունեցող, ազատամարտիկների տարատեսակ ընդվզումներին ու բողոքի ակցիաներին:

Նա տեղեկացրեց, որ երեկ կայացել է կուսակցությունների եւ ազատամարտիկների խորհրդի հինգերորդ հավաքը եւ համակարգային փոփոխության եւ իշխանափոխության հարցի վերաբերյալ բոլորը համակարծիք են եղել: Հավաքին, ի դեպ, մասնակցել են ԲՀԿ-ի, «Ժառանգության», նորաստեղծ ՀԱԿ-ի եւ տասը կուսակցությունների ներկայացուցիչներ:

Aravot.am-ի հարցին, ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունի, որոնք իր կարծիքով չունեն ճշգրիտ խոսք, համարձակություն եւ հանդգնություն` Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության հետ մերձեցել են, օգտվում են իշխանական կառմուշկայից: Օրինակ, երկար ժամանակ այդ կառույցին փորձեր էր անում միանալ ՕԵԿ-ը: Մեր դժբախտությունը երեւի նրանում է, որ պատմությունը շուտ ենք մոռանում: Մոռանում ենք 2004 թվականի ապրիլի 13 –ի գիշերը, երբ այդ կուսակցության ղեկավարը լինելով ԱԺ սփիքեր, ԱԺ տարածքում տեղավորեց մահակավորների, որոնք հետո ջարդեցին ժողովրդին: Նա դեռ պատասխան չի տվել, նա ինչպե՞ս կարող է մասնակցել այս գործընթացին: Նույն Արտաշես Գեղամյանը: Որտե՞ղ է: Ինչպե՞ս վաճառվեց Արտաշես Գեղամյանը»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Գառնիկ Մարգարյանը համոզված է, որ ժամանակը շատ հստակ «սեւ եւ սպիտակ դաշտ է ձեւավորել» եւ ովքեր իշխանական կերակրատաշտից են օգտվում, չեն կարող մասնակցել այս «արդար գործին, պատերազմի գործին, որտեղ պետք է ազնիվ լինել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ՀՅԴ-ն ներկա չի՞ եղել ազատամարտիկների փակ հավաքին, Մարգարյանն ասաց. «ՀՅԴ-ն դեռ պետք է գնա ինքնամաքրման նոր մասնակցի երկրի մաքրման գործին, ղեկավարությունը նկատի ունեմ, կուսակցությունը մեծ արժեք է»:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանն ասաց. «Դաշնակցությանը գնահատականներ տալը մի տեսակ մոդա է մեզանում: Ոմանք դրանով, հավանաբար, ցանկանում են ցույց տալ, որ իրենք քաղաքականության մեջ են եւ կարող են դատողություններ անել լուրջ երեւույթների մասին: Հայաստանի ներքին կյանքում կան լուրջ ու բազմաշերտ հիմնահարցեր, կա ներկա եւ չմոռացվող անցյալ. դրանց նկատմամբ վերաբերմունքի մեջ դրսեւորվում է յուրաքանչյուրի անկեղծության ու ազնվության չափը: Իսկ կոնկրետ ամեն անկարեւոր բանի արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930