Իրավունք ունի՞ բարձրաստիճան պաշտոնատար անձը նման նվեր ընդունելու, իսկ ընդունելուց հետո՝ չհայտարարագրելու
Ուրիշի գրպանը մտնելն ու պարունակությունը հաշվելը, ասում են, վատ բան է: Իհարկե, եթե խոսքը վերաբերում է հանրային դեմք հանդիսացող պաշտոնյային, ապա սահմաններն էապես փոխվում են: Այդ պաշտոնյան ինքը պիտի հաշվետու լինի եւ ներկայացնի իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահն էլ ներկայացրել է, եւ ինչպես պահանջում է օրենքը՝ ներկայացրել են նաեւ իր կինն ու որդին:
Բայց մինչեւ դրանց անցնելը եւ ասելը, թե ինչպես բախվեցի այդ հայտարարագրերին, մի անմեղ հարց տամ պարոն Իշխան Զաքարյանին, ավելի ճիշտ՝ խնդրեմ ինքը էդ հարցը տա իրեն «լավություն» արած ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին. եթե այդ նույն գործարարը այդ նույն ձեւի նվեր աներ ԱՄՆ-ի որեւէ միջին, էլ չեմ ասում՝ բարձրաստիճան պաշտոնյայի, բացի այդ էլ՝ պաշտոնյային արտոներ օգտվել իր բանկային հաշվից, հետո բացեիբաց էլ հայտարարեր այդ մասին, հիմա որտե՞ղ կլինեին այդ պաշտոնյան ու նվեր տվողը… Ճիշտ եք, մոտավորապես այնտեղ, որի ձեւակերպումը տվել է հայտնի ֆիլմի հերոսը՝ «ուղղիչ աշխատանքային գաղութում»: Որովհետեւ ամբողջ աշխարհում պաշտոնյային արված նման նվերը, անգամ ընկերոջ կողմից, ամենամեղմ բառով կաշառք է կոչվում, որովհետեւ սահմանված է, որ որոշակի գումարից ավելի թանկ նվեր չի կարելի ստանալ, իսկ եթե հնարավոր չէ հրաժարվել, ապա այդ նվերը պետք է ուղղվի բարեգործական նպատակների: Ի դեպ, դա սահմանված է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ՝ «Նվեր ընդունելու արգելքը» հոդվածով: Այնտեղ պարզ գրված է. «Uույն հոդվածի իմաuտով «նվեր» հաuկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիuացող անձի: Uույն հոդվածի իմաuտով «նվեր» հաuկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից uտացած նվերը, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատաuխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին» (այդ օրենքը նվեր ընդունելու մասին էլի լիքը դրույթներ ունի, խորհուրդ կտամ Իշխան Զաքարյանին կարդալ, ահա եւ օրենքի հասցեն ՀՀ Ազգային ժողովի կայքում): Հիմա Իշխան Զաքարյանը դրել ու բացեիբաց հայտարարում է, որ մի գործարար ոչ միայն իրեն նվեր է արել, այլեւ թույլատրել է տնօրինել իր բանկային հաշիվները… Ու ասում է՝ 15 տարվա ընկերս է… Արդյոք 15 տարվա ընկերությունը ողջամտության սահմաններում ենթադրո՞ւմ է նման նվեր ընդունելը: Օրենքի մեջբերված հատվածի հետ այս հարցադրմանս առնչության մասին թող ընթերցողը դատի, իսկ ողջամտության սահմանները թող մեկնաբանի որեւէ իրավաբան:
Հայաստանում կա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով: Այդ հանձնաժողովի կայքը մի կիսատ-պռատ կայք է, համարյա բոլոր բաժինները, այդ թվում՝ իրավական ակտերինը, դատարկ են. կա մի երկու լուր, մի երկու եզրակացություն (սա առանձին հոդվածի թեմա է): Բայց այս կայքը մի լավ բաժին ունի՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի բաժինն է դա: Այ, հենց այդտեղ էլ տարավ ինձ հետաքրքրասիրությունս:
Բայց նախ հիշատակածս հատվածը՝ «168 ժամ» թերթին Իշխան Զաքարյանի տված հարցազրույցից … «Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով արդեն մի քանի տարի է՝ Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իմ տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Իմիջիայլոց` այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ» (մեջբերված է ըստ «168 ժամ» առցանց լրատվական կայքի): Այսինքն՝ Իշխան Զաքարյանը հաստատում է, որ դա իր տունն է՝ կառուցված ուրիշի հաշվին, ընդ որում՝ «արդեն քանի տարի»: Այս վերջինը հատուկ եմ շեշտում, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի էջում Իշխան Զաքարյանի, նրա կնոջ եւ որդու հայտարարագրերում անշարժ գույք հայտարարագրված չէ (տե՛ս հանձնաժողովի ethics.am կայքի համապատասխան բաժնում), թեպետ դա նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Արդ, ո՞ւմն է այդ աղմուկ հանած տունը, եւ ո՞ւմ տանն են ապրում ինքն ու իր ընտանիքը եւ իրեն հյուր եկող ամերիկահայ գործարարը:
Կարդացեք նաև
Վերջերս Լեհաստանում մի նախարար հրաժարական էր տվել, որովհետեւ բացահայտվել էր, որ նա չի հայտարարագրել 5,5 հազար դոլար արժողությամբ շվեյցարական ժամացույցը (տե՛ս «Լրագիր» կայքում ): Հիմար են երեւի այդ լեհերը, մի ժամացույցն ի՞նչ է, որ դրա համար նախարար են պաշտոնանկ անում: Իշխան Զաքարյանի տան պատմությունը արդեն երկար ժամանակ շրջանառվում է, նա փրփուրն ի բերան փորձում է ապացուցել, որ իր՝ բարձրաստիճան պաշտոնյայի նվեր ստանալը օրինական է, բայց արի ու տես՝ չի հայտարարագրում…
Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ բանի տեղ չի դնում դա եւ չի քննում Իշխան Զաքարյանի վարքը՝ պարզելու համար, թե որքանով է էթիկական Վերահսկիչ պալատի նախագահի՝ մի ամբողջ առանձնատուն նվեր ստանալն ու ուրիշի բանկային հաշիվները տնօրինելու արտոնությունը, եւ երկրորդ՝ ինչո՞ւ այդ պաշտոնյան չի հայտարարագրել անշարժ գույքը, որը ինքն էլ բացեիբաց հայտարարում է, որ իրենն է:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այս մարդը, ինչպես բոլոր ՀՀԿ-ական պաշտոնյաները, ոչնչով չի տարբերվում իրենց ընկեր Խչոյից։
Հարգելի Մեսրոպ Հարությունյան
Գովելի է Ձեր միամտությւոնը: «Չի հայտարարագրել , նվեր է ընդունել» բերում եք Լեհաստանի օրինակը: Դուք մի ավազակի թալանը, ուզում եք կանխեն մյուս ավազակները: Դա չի լինելու: Քանի կա թալանելու, տանելու ինչ որ բան այս երկիրը թալանվելու է: Եվ երբեք մի մտածեք թե այդ ավազակները պատասխան են տալու: ՈՉ ՄԻ ԽՈՇՈՐ ԱՎԱԶԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՏՎԵԼ:
ԴՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՑԸ ՔՐՏԻՆՔՈՎ ՉԻ ՎԱՍՏԱԿԵԼ:
Իշխան Զաքրյանին ոչինչ չեն անելու, քանի որ հակառակ դեպքում, նրանից հետո պետք է անդրադառնան «ոսկե հորթ»-ի մյուս սպասավորներին, քաղաքապետին, նախարարաներին, ԱԺ-ի պատգամավորներին: Որին թվենք: Ասում եք« չի հայտարարգրել » է հետո ինչ՞ իսկ քաղաքաԱՆՊԵՏՔԸ, իր կիսգրագետ տեղով 70 միլիոն հայտագրած կարողությամբ արժանի չէ գտնվելու Ձեր նշած վայրում: Ասենք այնտեղ եղած մարդկանցից շատ շատերը ավելի ազնիվ կյանք են ապրել քան այդ ստահակները:
Այսպես կշարունակվի, քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել Ռուսաստանի գազութացումից, ինչին իրենց ողջ էությամբ աջակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Ողջ հայ ժողովուրդը և Հայաստանը պատանդ են այդ ավազակախմբի, որ հանրապետական կուսակցուցյուն է կոչվում, ձեռքում: Բայց դրանում մեղավոր է հենց միայն հայ ժողովուրդը, որ ծնել, սնուցել և դրել է դրանց իր գլխին: Հենց միայն դրանց էլ արժանի ենք….