Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախագահը չփնովեց ներկա նախագահին

Նոյեմբեր 21,2013 14:26

Աշոտ Թավադյանը Իշխան Զաքարյանին հաջողություններ է
մաղթում իր աշխատանքում

Վերահսկիչ պալատը ստեղծվել է 1996 թվականին, ու զարմանալիորեն այդ կառույցի ղեկավարներից Աշոտ Թավադյանի անունը ՎՊ-ի պաշտոնական կայքէջում բացակայում է: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Թավադյանը` հավելելով, որ տեղյակ չէ «բացակայության» պատճառներից: Աշոտ Թավադյանին «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց ՎՊ-ի գործունեության` վերջին աղմկահարույց իրադարձությունների մասին:

– Վերահսկիչ պալատի գործունեության շուրջ վերջին շրջանում բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին, մեծ աղմուկ բարձրացավ. հետեւե՞լ եք դրանց, ի՞նչ տպավորություններ ունեք:

– Այն հարցերում, որտեղ ես կարող եմ սուբյեկտիվ լինել, ես մեկնաբանություններ չեմ տալիս:

– Բավական հետաքրքիր էին ՎՊ-ի շուրջ ծավալված քաղաքական իրադարձությունները, երբ Իշխան Զաքարյանի` բյուջեի յոթ միլիոն մսխումների մասին հայտնի հայտարարությունից հետո վերջինս հրավիրվեց նախագահի մոտ` խորհրդակցության: Նախագահականում նախատինքի արժանանալուց հետո սկսեց այլ տոնայնությամբ եւ բառապաշարով մեղմել իր նախկին հայտարարությունները: Դրան հետեւեցին քաղաքական ուժերի գնահատականները: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ ամենը:

– Ես մի բան կարող եմ ասել` բոլոր մարդիկ էլ կամայական վրիպումներ թույլ են տալիս իրենց աշխատանքում: Բայց ես իրեն ցանկանում եմ իր աշխատանքում հաջողություններ:

– Եթե մասնագիտական տեսանկյունից վերլուծենք` «ատկատների» թեման բավականին հետաքրքիր էր…

– Ես ասացի՝ անաչառության գործոն կա, իսկ այս հարցում ես կարող եմ սուբյեկտիվ լինել: Ես աշխատում եմ մեկնաբանություններով հանդես գալ եւ խնդիրներ ներկայացնել այնպիսի հարցերի շուրջ, որտեղ կարող եմ օբյեկտիվ լինել եւ վերլուծություններն անպայման պետք է կատարած լինեմ: Այդ մասով ինքս վերլուծություններ չեմ կատարել:

– «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ն օրերս հրապարակեց սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց` հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերվում Մաքսային միությանը միանալու` ՀՀ իշխանությունների որոշմանը: Այդ աշխատանքում նաեւ Դուք եք մասնակցություն ունեցել: «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գեւորգ Պողոսյանը հայտարարել էր, որ այդ հարցումն առանձնակի վստահություն չի ներշնչում:

– Ի դեպ, ես նոր եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ ներկայացրեցի այդ արդյունքները, ու եթե ես ցույց եմ տալիս որեւէ վեկտոր, դա ոչ թե ապրիորի ես այդ վեկտորի կողմնակիցն եմ, այլ հաշվարկները, փաստերը, տնտեսամաթեմատիկական վերլուծությունը դա ցույց տվեցին: Այդ արդյունքները փորձաքննություն են անցել եւ Եվրասիական բանկում՝ լավագույն տնտեսագետ-մաթեմատիկոսների կողմից: Դրանք շուտով կհրապարակվեն եւ ռուսերեն, եւ անգլերեն, խնդրեմ, մեր կոլեգաները դա կարող են գնահատել, դրանց մասին օբյեկտիվ գնահատականներ հնարավոր կլինի տալ: Որեւէ ապրիորի բան չի արվել: Ես հասկանում եմ իմ մասնագիտական կրեդոն եւ երբեք թույլ չեմ տա ոչ օբյեկտիվ բաներ:

Գեւորգ Պողոսյանին ես համարում եմ շատ ուժեղ մասնագետ, ԱՊՀ տարածքում լավագույն սոցիոլոգներից մեկը, կարծում եմ, որ ինքն էլ կծանոթանա եւ իր օբյեկտիվ տեսակետը կհայտնի:
Այդ ուղղությունն է ցույց տվել վեկտորը, թե մենք որ ուղղությամբ կարող ենք զարգանալ: Հատկապես խոսքը վերաբերում է համակարգող ուղղություններին` էներգետիկայի, տրանսպորտի, ստրատեգիական ձեռնարկությունների` «Նաիրիտ», զբաղվածության, ՀՆԱ-ի եւ այլ առումներով: Ասենք, համեմատվում է` ի՞նչ կարող է այդտեղ տալ տվյալ ոլորտում ԵՄ-ն կամ ՄՄ-ն, եւ գնահատվել են էֆեկտները: Մենք հենց այդ գնահատականներն ենք ներկայացրել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դեմոկրատիայի կամ կոռուպցիայի զարգացման խնդիրներ կան, ապա այդ հարցերը տնտեսական ինտեգրացիայով չեն լուծվում: Դրանք ունեն հիմնականում ներքին ուղղվածություն, եւ մենք պետք է այդ հարցերի լուծումը տանք: Ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, որ բազմաթիվ հարցեր որեւէ դրսի ուժ չի կարող լուծել, մենք ինքներս դրանք պետք է լուծենք: Իսկ Հայաստանն ավելի ամրացած, իհարկե, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի եւ ԵՄ-ի, եւ մեր հարեւանների համար: Պետք է ուժեղ լինել, որպեսզի կարողանաս քո հարցերը դնել առաջ: Այս ճանապարհը (նկատի ունի ՄՄ-ին ինտեգրումը-Ն. Գ.) ստրատեգիական, տակտիկական առումով ճիշտ է: Հետագայում, իհարկե, ամրանալուց հետո, ես կարծում եմ, մենք ավելի հետաքրքրություն կներկայացնենք եւ Արեւմուտքի, եւ Հյուսիսի համար:

– Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության մասով կանխատեսումներ են արվում բյուջեի աճերի մասին, խոսվում է երկու տոկոս աճի մասին, կտրուկ եւ տեսանելի տնտեսական աշխուժության մասին: Որքանո՞վ են դրանք իրականանալի:

– Կանխատեսումն այն թիվն է` ամենաբարձր հավանականությունը, որի կատարումը կախված է այն գործոններից, որոնք հաշվի են առնվել: Դրանք առաջին հերթին վերաբերում են ամենաբարձր մակարդակով հայտարարված ներդրումներին` եւ էներգետիկայի, եւ տրանսպորտի ոլորտներում: Հայաստանն ազատվում է ներմուծման մաքսերից, մասնավորաբար՝ 30 տոկոս գազի մաքսից, 6,5 տոկոս՝ չմշակված ադամանդների ներկրումից առաջացած, 5 տոկոս՝ ատոմային վառելիքի մաքսի ազատումից եւ այլն: Դրանք բոլորը թվեր են, որոնց էֆեկտները մենք հաշվի ենք առել: Մեր բոլոր հաշվարկները հիմնված են զուտ թվերի, փաստերի վրա: Այն փաստերի, որոնք ներկայացված են ամենաբարձր մակարդակով, որոնք դրված են ՄՄ-ի փաստաթղթերում եւ այն տվյալների վրա, որոնք հրապարակում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը:

– Կարո՞ղ եք հստակ նշել այն արդյունքները, որոնք տեսանելի ապագայում կստանան հայաստանցիները` ՄՄ-ին մեր երկրի անդամակցության արդյունքում:

– Դա էլ ներքին եւ մեր կառավարությանը վերաբերող հարց է: Օրինակ՝ այսպիսի հարցադրում` գազի գնի իջեցում. դա կապվա՞ծ է այն 150 միլիոն դոլարի հետ, որ մենք պետք է բյուջեից սուբսիդավորենք, կապվա՞ծ է այդ 150 միլիոն դոլարը այն հարցերի հետ, որ հուլիսին մենք աշխատավարձի քառասուն տոկոս աճ ենք ունենալու: Այդ կապերը պետք է հստակ ներկայացվի հանրությանը, եւ այն էֆեկտները, որոնք ստացվում են, արդեն ներքին կառավարության գործն է: Բյուջեն ինչպե՞ս կկազմվի, այդ ծախսերն ո՞ւր կգնան: Իհարկե, դա պետք է հստակ անել եւ հստակ ներկայացնել: Ամեն անձ պետք է զգա այդ փոփոխությունները մակրոմակարդակով. դա արդեն ներքին խնդիր է, կառավարության խնդիրն է, եւ ես հույս ունեմ, որ այդ խնդիրները մեր կառավարությունը կհաղթահարի:

– 2014 թվականի բյուջեի նախագիծը կառավարությունում քննարկվում է: Ձեր նշած հարցերը հստակ եւ տեսանելի՞ են այդ փաստաթղթում:

– Ես Մոսկվայում եմ եղել եւ ծանոթ չեմ այդ փաստաթղթին, չեմ հետեւել քննարկումներին:

Զրույցը`  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930