Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից չեն կարողացել շաքար արտահանել

Նոյեմբեր 21,2013 14:20

Օտարերկրյա ներդրումների ծավալը գնալով ավելի է կրճատվում, սա են փաստում հատկապես միջազգային կառույցները, իսկ ներդրումների ծավալի նվազումը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա: Եկող տարվա բյուջեի նախագծում էլ տնտեսական աճը ավելի ցածր է սահմանվել, քան այս տարվանն էր, ընդ որում՝ նման ցածր ցուցանիշ սահմանելու հանգամանքներից մեկն էլ, ինչպես կառավարությունն է նշել՝ օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումն է:

«Առավոտը» Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում գործակալությունը դրսից նոր ներդրումներ ներգրավելու համար, որով գոնե մի փոքր օգուտ կարող է տալ Հայաստանի տնտեսության աճին: Պարոն Հարությունյանը նշեց մի քանի ծրագրեր, որոնց ուղղությամբ աշխատում են: Իսկ թե դրանց արդյունքները երբ տեսանելի կլինեն՝ մեր այս հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ծրագիր մինչեւ հաստատվում է եւ սկսում է գործել, կամ հակառակը, 2-3 տարի տեւում է:

«Իտալիայում կամավորության սկզբունքով ներկայացուցչություն է ստեղծվել, որի միջոցով իտալական գործարարներին փորձ է արվում ներկայացնել հայկական շուկան: Մենք կարողացանք 2-3 իտալական ընկերություն ներգրավել, որոնք հիմա մեզ մոտ գործում են»:
«Առավոտի» այն հարցին էլ, թե գործակալությունն ի՞նչ է անում, որպեսզի դրսից այնպիսի ներդրողներ ներգրավի, որպեսզի օրինակ՝ մենաշնորհները վերանան, այսինքն՝ կարո՞ղ է գործակալությունը այնպիսի գործարարի համոզել, որ Հայաստանում ասենք՝ շաքարի արտադրության 2-րդ գործարանը հիմնի՝ նաեւ արտահանման հնարավորությամբ: Այս առնչությամբ էլ պարոն Հարությունյանն ասաց. «Շաքարի շուկան, ոչ միայն Հայաստանում, բոլոր երկրներում քվոտավորված է, մուտքը շաքարի շուկա այդքան հեշտ չի: Մենք աշխատում էինք այդ ուղղությամբ, մենք մտածում էինք՝ ինչպես անել, որ Լեհաստան այստեղից նաեւ շաքար արտահանվեր, պարզվեց՝ քվոտավորված է, չէինք կարող»:

Պարոն Հարությունյանը նաեւ նշեց՝ որպեսզի կարողանան խոշոր ներդրողներին համոզել Հայաստանում աշխատել, նրանց նաեւ արտոնություններ են հարկավոր, միայն լավ գործարար միջավայրը բավարար չէ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930