Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարինեն՝ Նառայից առաջ»

Նոյեմբեր 21,2013 14:14

Սցենար՝ սերիալի համար

Վերջին շրջանում ռուսաստանյան TV-ներով ցուցադրվող սերիալների շարքում հանդիպեցինք տեղի շոու-բիզնեսի ճանաչված դեմքերից Լարիսա Դոլինայի եւ Վալերիայի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ֆիլմաշարերի: Քանի որ մեզանում ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում շոու-բիզնեսի հայաստանյան աստղերի ոչ այնքան ստեղծագործական, այլ անձնական կյանքը, «Առավոտն» առաջարկում է սցենար, որը կպատմի շուրջ 25 տարի ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող երգչուհի Նարինե Հարությունյանի մասին: Ի դեպ, ներկայացվող սցենարը «գրեցինք» օրերս հայրենիքում գտնվող երգչուհու հետ հանդիպումից հետո:

1986թ. Յուրմալայում կայացած էստրադայի երիտասարդ երգիչների մրցույթում, որը հետագայում վերանվանվեց «Նովայա վոլնա», Հայաստանը ներկայացրեց 20-ամյա Նարինեն: Խորհրդային տարիներին հիշյալ մրցույթի երգիչների ընտրությունը, անվանի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի ցուցումով, կատարում էր ճանաչված արվեստագետ Վլադիմիր Դավիդենկոն: Վերջինս ամիսներ շարունակ շրջում էր ԽՍՀՄ հանրապետություններով՝ ընտրելով մեկական երգիչ: Նշենք, որ Նարինե Հարությունյանը մինչ մրցույթը ճանաչված անուն էր Մոսկվայում: Նա հասցրել էր հանդես գալ տեղի էստրադայի թատրոնում՝ իր արվեստին սեւեռելով ճանաչված երաժիշտներ Սիլանտեւի, Պետուխովի, Գարանյանի եւ մյուսների ուշադրությունը: Դավիդենկոն գալիս է Հայաստան եւ ընտրում Նարինեին: Հենց այստեղ է, որ գործի են անցնում ժամանակի չինովնիկները՝ խոչընդոտելով իրենց հայրենակցուհու մեկնելը Յուրմալա: Թեեւ Արամ Սաթյանի եւ Լեւոն Բլբուլյանի «Սերն անցավ» երգը գրված էր Սյուզան Մարգարյանի համար, այնուհանդերձ, կոմպոզիտոր Սաթյանը վստահում է այս երգը Նարինեին: Նշենք, որ Ռայմոնդ Պաուլսի կազմակերպած առաջին մրցույթն էր կայանալու Յուրմալայում: Իսկ Հայաստանից Մերձբալթիկա մեկնել երգչուհուն օգնում է կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը: Հայաստանից նրան ոչ ոք չի ուղեկցում, Յուրմալայում էլ չեն դիմավորում: Բայց դա չի խանգարում, որ հայ երգչուհին հաղթի այդ մրցույթում: Նարինեի մտքով չէր էլ կարող անցնել, որ հաղթանակած վերադառնալով հայրենիք, կարժանանա, ուղիղ ասած՝ արհամարհանքի: Այլ պաշտոնյաների թվում, ժամանակի մշակույթի նախարարը երգչուհուն հրավիրում է իր մոտ եւ նախատում, թե ինչու են, օրինակ, ռուսաստանյան ԶԼՄ-ներն այդքան անդրադառնում իրեն: Ավելին, Ադրբեջանի մշակույթի նախարարն էլ հրավիրում է հայ երգչուհուն իր երկրում ապրելու ու ստեղծագործելու: Մինչ եղբայրական հանրապետությունները խոսում էին հայ երգչուհու մասին, մերոնք, չգիտես ինչու, լռում են: Այդ ընթացքում դափնեկիր երգչուհին աշխատանք է փնտրում ու ընդամենը կես դրույքով ընդունվում Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ: Այն դեպքում, երբ նրան մշտապես հրավիրում են Մոսկվա, հատկապես 1985-ից մինչեւ 1990-ը՝ Սանկտ Պետերբուրգ՝ տեղի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցելու: Հրավիրողն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ մեծանուն երաժիշտ, ազգությամբ հրեա Անատոլի Բատխենն էր: (20 եւ ավելի տարիներ հետո, իր կյանքի՝ վերը շարադրված շրջանը երգչուհին կանվանի իր հոգու գենոցիդ):

Հենց 1990-ին էլ Նարինեն իր երկրորդ ամուսնու՝ դերասան, երգիչ Հրաչյա Մխիթարյանի եւ մանկահասակ որդու՝ Տիգրանի (լուսանկարում) հետ մեկնում է ԱՄՆ, հայ կոմպոզիտորների երգերով ոչ հարուստ երգացանկով: Իսկ Նարինեի խոսքերով երգեր են գրել Արամ Սաթյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Գրիգորյանը: ԱՄՆ-ում երգչուհին բարեկամական կապեր է հաստատում Էլվիրա Մակարյանի հետ… Չունենալով հայերեն երգեր, ստիպված, բայց հաճույքով սովորում է տարբեր ազգերի կոմպոզիտորների երգեր, մասնակցում կորպորատիվ երեկոների, ծնունդների, կնունքների, հարսանիքների: Ընդ որում, կապ չունի՝ ինչ միջոցառում է, արվեստագետը ցանկացած դեպքում լրջորեն է մոտենում սիրած աշխատանքին: Չմոռանանք նշել, որ սկզբնական շրջանում Լոս Անջելեսում ապրելուց հետո, երգչուհին ամուսնալուծվում է եւ տեղափոխվում Սան Ֆրանցիսկո: Հիմա նրա կողակիցն է ազգությամբ հրեա, աշխարհում հայտնի անուն, մասնագիտությամբ ճարտարապետ Բորիս Ռաբինը: Ընդ որում, վերջինս ժամանակին Քիշնեւում աշխատել է Իոն Սարուչանովի ղեկավարած անսամբլում: Իսկ 7 տարի առաջ էլ նրա հեղինակած «Վիճակախաղ» երգը Մոսկվայում տեսահոլովակի է վերածվել:
Նարինեն ընդամենը մեկ անգամ՝ 1994-ին է վերադառնում հայրենիք, Երեւանում եւ Գյումրիում ունենալով մենահամերգներ: Տխրում է, իմանալով, որ հայկական հեռուստատեսությունում իր մասնակցությամբ նկարահանումներն այլեւս չկան, նույնիսկ չի պահպանվել Յուրմալայում ունեցած հաղթական ելույթը…

Հիմա արդեն Նարինեն Սան Ֆրանցիսկոյում ունի իր Naras band-ը՝ կազմված տարբեր ազգերի երաժիշտներից, հրավիրված է համագործակցել Վադիմ Կոլպակովի ղեկավարած հանրահայտ Viva Romen գնչուական անսամբլի հետ, որը ժամանակին աշխատել է Մադոննայի հետ… Իսկ Նարինեի եւ Հրաչյայի որդին՝ Տիգրան Միմոսան, այսօր կոմպյուտերային երաժշտության հանրահայտ մեկնաբան է եւ «լցնում» է 20 հազարանոց մարզադաշտեր: Ոչ պակաս կարեւոր մի բան. Նարինեն, ով վերջին շրջանում ներկայանում է Նառա բեմական անունով, «դրսում» գտնվող իր կոլեգաների նման չի ասում, թե երազում է վերադառնալ հայրենիք: Իր խոսքերով՝ non stop ստեղծագործական կյանքով ապրող երգչուհին, մի քանի օրից Ամերիկա վերադառնալուն պես, իր հայերեն աղքատ երգացանկը ցանկանում է հարստացնել ճանաչված ստեղծագործող Արամ Ավագյանի երգերով:

Երգչական կյանքին զուգահեռ էլ աշխատում է «Նարինեն՝ Նառայից առաջ» ինքնակենսագրական գրքի վրա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930