«Ինձ համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչպես է իրականացվելու այդ տնտեսական բնույթ կրող պայմանագիրը, երբ չկա սահման, եւ երբ մենք գործընթացներն արդեն սկսել էինք Եվրոպայի հետ»,- այսօր «Ֆորում» ակումբում խոսելով Մաքսային միությանը միանալու թեմայով, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա ձեւակերպմամբ` անգամ Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի լավ են հասկանում, որ այս առումով ՀԱՊԿ-ի, Եվրասիական ապագան ավելի մերձեցման ճանապարհ է, քան տնտեսական. «Ցավոք, վեճերը, որ ընթանում են քաղաքացիական հասարակության մեջ` հետքաղաքական են, այնինչ` պետք է հստակեցնել այս հարցը, թե այն մեզ ինչ կտա, ու ինչպես: Սեպտեմբերի երեքին հնչածը ինձ համար նորություն չէր, տեղյակ էի, որ կան այդպիսի գործընթացներ, պարզապես ինձ համար ընդունելի չէ հայտարարության մատուցման այդպիսի ձեւը»:
Լարիսա Ալավերդյանն ավելացրեց, որ կողմ է, որպեսզի Հայաստանը ունենա ինքնուրույն քաղաքական գիծ, եւ ըստ նրա` եթե չհստակեցվի մեր քաղաքական գիծը, մեր հարաբերությունները, ապա մենք շատ կտուժենք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ