Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան. «Վերջին չորսուկես տարիների ընթացքում որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից»

Նոյեմբեր 21,2013 13:27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել կրթօջախի շենքային պայմանների, լաբորատորիաների և մարզադահլիճի բացակայության ու տեխնիկական հագեցվածության անբավարարության վերաբերյալ: Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և առաջիկայում ամեն ինչ կարվի` հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ:
Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր, որտեղ ևս Ա. Աշոտյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Հաստատության տնօրենը նշել է, որ քոլեջի շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս ևս չկա. ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի: Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաև բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչը, ըստ նախարարի, ևս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:
Նախարարի հերթական այցը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր, որտեղ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության առաջարկությունը` մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման և նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: «Ընդունելով ձեր մտահոգությունը՝ կառավարությունը որոշել է հետաձգել որոշման ընդունումը մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային չի եղել. այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող և նախկին ռեկտորների, ինչպես նաև մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Ավելին ասեմ` շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում: Այսուհետ ևս այդպես է լինելու: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսությունը, հանրային բաց քննարկումները, լավագույն որոշումների կայացման քաղաքականությունը. որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները և վստահեցնում եմ ձեզ, որ վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա»,- նշել է նախարարը` բուհի անձնակազմից գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջելով: Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Արմեն Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, և երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երևանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը: «Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: Համալսարանի ձևավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Որոշումը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, իսկ որոշում վստահաբար կլինի` անկախ ձևաչափից, անկախ կազմակերպաիրավական ձևակերպումներից, նպաստելու է Լոռու մարզում երիտասարդության համար լրացուցիչ կրթական ծառայությունների և՛ որակի, և՛ քանակի ավելացմանը: Սա է մեր նպատակը: Դժվար հարց է, ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին և նեղ անձնական շահերին: Մենք պետք է փորձենք լսել բոլորին և կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, և Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա, քանի որ մարզում կա նոր տիպի և նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ լինեն: Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում: Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում»,-նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարի հաջորդ հանդիպումը ՎՊՄԻ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Այստեղ բուհի կոլեկտիվին հուզում էր հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը: «Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք»,- բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է նախարար Աշոտյանը` ևս մեկ անգամ վստահեցնելով, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել և չունի, և զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է»,-ընդգծել է Ա. Աշոտյանը:
Մարզային այցի ավարտին նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, որ Վանաձորի բուհերի միավորման հարցը կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկվել` առանց հանրային քննարկումների և առանց Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենի իմացության, նախարարը պատասխանել է, թե «հանրային քննարկում» ասվածը չի նշանակում, որ բոլորի հետ առանձին-առանձին հարցը պետք է քննարկվի: «Հանրային քննարկումը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է հասանելի լինի և բաց լինի հանրությանը, ինչն արվել է: 6-7 ամիս փաստաթուղթը եղել է շրջանառության մեջ. դրա մասին տեղյակ է եղել մայր բուհի ղեկավարությունը, Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենը: Եթե վերջինս եկել է ինձ մոտ այդ մտահոգությամբ, ուրեմն տեղյակ է եղել: Հանրային քննարկում չի նշանակում նաև, որ իրենք պետք է ինձ համոզեն, որ իրենց տեսակետը ճիշտ է: Հանրային քննարկում չի նշանակում, որ ես պետք է բոլորին համոզեմ, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, այլ նշանակում է` ստեղծել հնարավորություն կարծիքներ փոխանակել, հիմնավորումներ բերել»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհերի միավորումը հենց վանաձորցիների պահանջն է եղել ու ակնկալիքը: «Վանաձորցիներն ինձ բազմիցս մոտեցել են հարցով` ոնց է Գորիսում պետական համալսարան կլինի, Գավառում կլինի, փոքր քաղաքներ են, իսկ մենք մեծ քաղաքներ ենք և պետական համալսարան չունենք: Նույնն ինձ ասել են գյումրեցիները»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախարար Ա. Աշոտյանի հերթական մարզային այցը Գյումրու տարածաշրջան է:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930