«Մա՛մ, ինչքա՜ն լավ է ու հեշտ լավ մարդ լինելը…»
«Միհրանս մտադրված էր դատավոր դառնալ: Ընդունվեց Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը, եւ ամեն անգամ կրկնում էր՝ բոլորից տարբերվելու եմ, անկաշառ եմ աշխատելու: Սկզբում մտածում էի, թե էս ի՞նչ տեսակ երեխա է՝ իրական կյանքից կտրված, զգացմունքային, բայց հետո հասկացա, որ նա շատ ավելի ճիշտ կյանքով էր ապրում, քան մենք»,- պատմում է Թերեզան՝ գյումրեցի Միհրան Մարգարյանի մայրը: Հետո հավելում. «Չհասցրեց ո՛չ դատավոր դառնալ, ո՛չ էլ սիրած աղջիկ ունենալ: Նրա միակ սերն այդպես էլ մնաց ֆուտբոլը. գժի պես էր սիրում, գիշերները նստում ու խաղերն էր նայում, ու էնքան ուշադիր, որ նույնիսկ նկատում էր դատավորների կողմնապահությունը»:
Մոր խոսքերով՝ տղան ամենից շատ սիրում էր «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը եւ նույնիսկ սկսել էր համակարգչով ինքնուրույն իսպաներեն սովորել:
Ծնողները պատմում են, որ Միհրանը փոքր տարիքից վարժ խոսում էր ռուսերեն, գիտեր նաեւ անգլերեն, ընթերցում էր սպորտի մասին բոլոր ամսագրերը, իսկ դրանք գնելու համար հասնում էր մայրաքաղաք: «Նա պիտի իմանար, թե որ ֆուտբոլիստն ինչո՞վ զբաղվեց, որտե՞ղ բարեգործություն արեց, ո՞ւմ հետ ամուսնացավ, ամեն մի գոլը որքան կարժենա: Ինքն էլ մի պահ զբաղվեց ֆուտբոլով, բայց առողջական խնդիրներ ունեցավ ու չկարողացավ շարունակել»,- հիշում է մայրը:
Հարազատները Միհրանին բնութագրում են որպես կատակասեր, մեծահոգի, հաջողակ ու նաեւ ինքնամփոփ երիտասարդի, ով շատ էր սիրում աշխատել համակարգչով: «Բացարձակապես նյութապաշտ չէր, նրա համար նշանակություն չուներ ո՛չ հագուստը, ո՛չ փողը: Եթե Միհրանին տարիներով հագուստ չգնեինք, մտքով անգամ չէր անցնի պահանջել: Ընկերներին ընտրելիս՝ երբեք հաշվի չէր առնում նրանց ունեցվածքը, տեսքը, ասում էր՝ «ինձ համար մարդկային արժանիքներն են կարեւոր»: Կյանքը ցույց տվեց, որ նա, իրոք, ճիշտ էր. ընկերներն, ամենաջերմ հարազատների պես, երբեք մեզ չեն մոռանում»,- պատմում է Թերեզան եւ հիշում, թե ինչպես մի անգամ Միհրանը գոհունակ հայացքով իրեն ասել է՝ «մա՛մ, ինչքան լավ է ու հեշտ լավ մարդ լինելը»: Իսկ թե ինչ էր արել կամ ինչու այդպես ասաց, մոր համար մնաց գաղտնիք:
Թերեզան շատ խստապահանջ է եղել որդու կրթության հարցում, ու այդ պատճառով Միհրանը դպրոցից դպրոց է տեղափոխվել: Ծնողները պատմում են, որ մի դպրոցից մյուսը տեղափոխվելու համար Միհրանի փաստաթղթերը դպրոցի տնօրինությունն ափսոսանքով էր վերադարձնում:
Մայրը պատմում է, որ որդու եւ դստեր՝ Միհրանի ու Դիանայի հետ միշտ հաճախում էին թատրոն, թանգարաններ, սիրում էին տանը նստել, միասին զրուցել, վերլուծել եւ քննարկել: Թերեզայի խոսքերով՝ Միհրանի բառապաշարում շատ կային հայ մեծանուն դերասանների՝ թեւավոր դարձած խոսքերն ու արտահայտությունները: Նրանց շարքում առանձնանում էր Մհեր Մկրտչյանը՝ որպես ամենասիրելի դերասան: Դասական երաժշտության հանդեպ սերը մայրը նրա մեջ սերմանել է մանկուց, իսկ հասուն տարիքում Միհրանին հիշում են ավելի շատ ժամանակակից երաժշտություն ունկնդրելիս:
Միհրանը նախընտրում էր արկածային գրականություն, հատկապես՝ արկածներով լի ծովային ճամփորդությունների մասին, սակայն զինծառայության ժամանակ ծնողներին ասել է, թե արկածային գրականությունն իրեն այլեւս չի գրավում, քանի որ արդեն տեսնում է կյանքի իրական գույները:
Միհրանը գերադասում էր ժամանակն օգտագործել կրթվելու համար. անընդհատ նորություններ էր փնտրում, ուսումնասիրում էր հայոց պատմությունը, համակարգչային նոր ծրագրեր էր սովորում: «Այնքան լավ էր տիրապետում համակարգչին, որ նույնիսկ տան մոտ գտնվող ինտերնետ ակումբի մասնագետները, նեղն ընկնելիս, օգնության էին կանչում»,- հիշում է մայրը:
Միհրանը նաեւ մանկուց աչքի է ընկել գյումրեցիներին հատուկ իր հումորներով: Որդու կատակներն այնքան շատ են, որ մայրը դժվարանում է առանձնացնել որեւէ մեկը: «Շատ էր սիրում ընկերոջ՝ Արմանի հոգու հետ խաղալ: Արմանը շատ կարճահասակ է, ու Միհրանը միշտ ասում էր՝ «մա՛մ, Աստված էս տղային էդքան խելք է տվել, գոնե մի քիչ էլ բոյ տար, ափսոս չէ՞»… Մեկ էլ տեսար, իրիկունը կզանգեր ընկերոջն ու կասեր՝ քեզ շտապ համալսարան են կանչում: Էն տղան էլ արագ կգնար համալսարան ու հետո կզանգեր, կասեր՝ քեզ սպանելու եմ: Միհրանը ծիծաղելով պատասխանում էր՝ դու էդքան խելացի տղա ես, չգիտե՞ս, որ էս ժամին համալսարանում մարդ չի կարող լինել: Այսպիսի պատմություններ էր մոգոնում Արմանի գլխին»,- հիշում է մայրը:
Թերեզան պատմում է, որ որդու ամենասիրած կերակուրը խաղողի տերեւներով տոլման էր: «Սիրում էր համեղ ուտել ու դասից դեռ տուն չեկած՝ ճանապարհից զանգում ու պատվիրում էր՝ մա՛մ, «ստալիչնի» աղցան սարքի, եւ երբ ասում էի՝ Միհրան ջա՛ն, հո ամեն օր «ստալիչնի» աղցան չե՞ն ուտի, ասում էր՝ մամաս (մորը հենց այդպես է դիմել) քո համար եմ ուտում, «ստալիչնի» աղցան ուտեմ, որ «ստալիչնի պոլկում» ծառայեմ,- պատմում է մայրն ու ավելացնում,- ես այնքան խիստ էի նրա նկատմամբ, որ ասում էի՝ երբ իմ պահանջները բավարարեցիր, ուրեմն իդեալական մարդ ես դարձել: Էնքան էի կրկնում, որ մի անգամ կատակեց՝ մա՛մ ջան, քո բանակի ռեժիմի տակ ծառայողն ամենախիստ բանակում կծառայի ու կծառայի»:
Միհրանի 15-ամյա քույրը՝ Դիանան, սովորում է Գյումրու թիվ 2 դպրոցում, մտադիր է ֆրանսերենի մասնագետ դառնալ:
Միհրանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 20-ը, նշում են Գյումրու ծերանոցներում ու մանկատներում: «Ես ուզում եմ, որ մարդիկ անգամ հարսանիքների ժամանակ մտածեն զինվորների մասին, միշտ հիշեն, որ եթե իրենք ուրախանում են, իրենց ուրախությունն ապահովում է սահմանին կանգնած զինվորը՝ ցրտին, անձրեւին ինչ-որ մեկի որդին սահմանի վրա լարված իրենց է պաշտպանում»,- ասում է Միհրանի մայրը:
Միհրան Մարգարյանը զոհվել է 2011թ. նոյեմբերի 20-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Առավոտ» օրաթերթ