Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր

Նոյեմբեր 21,2013 12:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն. «Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելուն և ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:
Հյուրին ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930