«Նախագահը մի բան է ասում՝ իր նախարարը վեր է կենում մի ուրիշ բան ասում: Գոնե տղամարդ եղեք, գնացել-գնացել եք, տղամարդավարի ասեք, մեզ այդպես էր պետք, գնացինք: Հիմա վայնասուն են բարձրացնում, թե կարող է մեզ ծեծեին, դրա համար էլ գնացինք: Բա դուք ամոթ ունե՞ք: Հասկացանք լեգիտիմ չեք, գոնե այդտեղ Ձեզ տղամարդ պահեք»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ նախկին անդամ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
Նա կարծում է, որ պետք է Սերժ Սարգսյանին խնդրենք, որ հրաժարական տա ու մանրամասնում. «Թե՞ մեր վրա պիտի պարապի ու սովորի, թե ոնց են երկիր կառավարում: Չի՞ լինի խնդրենք Սերժ Սարգսյանին, որ հրաժարական տա»:
Հարցին՝ իսկ ո՞ւմ է տեսնում երկրի նախագահի պաշտոնում, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ցանկացած մարդու, ում ձայն կտա հայ ժողովուրդը, ոչ թե դիակներով գերեզմանոցից հանած մարդկանց, ոչ թե իրենց մարդկանց ռեսուրսը սրա-նրա հասցեում գրանցելով՝ այլ բնականոն ընթացքով, որ մարդուն վայել ձևով ընտրվի: Ես այդ պաշտոնում տեսնում եմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, մեզ պետք է գրագետ ու բանիմաց մարդ: Եկեք ազգովի խնդրենք, որ նա գա»:
Պարոն Եղիազարյանը կողմ է ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցմանը ու նշում. «Մենք ունենք 1960-70-ականների հաստոցային տեխնիկա, իսկ Եվրոպան գտնվում է 21-րդ դարում: Տնտեսական վիհը մեր երկրի ու Եվրոպայի հետ խորանում է: Մենք եվրոպական երկրների հետ ընդամենը ագրարային կցորդ կդառնանք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե 1996-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ ընտրվում, կեղծիքներ ևս եղել են, պարոն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «1996-ին կրակոցները միայն օդ են եղել, ժողովրդի վրա ոչ ոք չի կրակել, այնինչ մարտի 1-ին տասը երիտասարդ է քաղաքի կենտրոնում վիրավորվել, ո՞ր սրիկան է պատասխան տվել դրա համար: Այսօր համեմատել այդ երկու ընտրությունները ուղղակի անմտություն եմ համարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ