Նախօրեին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով» հերթական զեկույցը։ Մամուլում անմիջապես հրապարակումներ հայտնվեցին, համաձայն որոնց մարզերում բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով:
«Մամուլի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Մեր հրապարակած տվյալներով` բնակչության թիվը չի նվազել, հակառակը, ավելացել է: 2012-ի հունվարին բնակչության թիվը եղել է 3 միլիոն 21 400, 2013-ի հունվարին` 3 միլիոն 26 900: Այս ժամանակահատվածում հանրապետության բնակչությունը որոշ մարզերի բնակչության ավելացման հաշվին որոշակի աճ է արձանագրել: Բնակչությունը 5500-ով ավելացել է»,- մեզ հետ զրույցում նշեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ ԿԱՐԻՆԵ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ:
Եթե 2013-ի հունվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ բնակչության ավելացում է եղել, ապա 2013-ի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսներին բնակչության թիվը կտրուկ նվազել է:
«2013-ի հունվարից հետո վիճակագրական ծառայությունը փոխել է բնակչության թվաքանակի հաշվարկման կարգը: Նախկինում մարդահամարի արդյունքներով գրանցված մշտական բնակչության թվաքանակին գումարում էին բնական աճի ցուցանիշը (ծնվածների ու մահացածների տարբերությունը), այդ պատճառով արձանագրվում էր, թե բնակչությունն ավելանում է:
Այս տարի առաջին անգամ նոր մեթոդաբանություն են որդեգրել. հաշվի են առնում նաեւ արտագաղթի ցուցանիշները, այդ պատճառով արձանագրվել է, որ հանրապետության բնակչությունը նվազել է 10 000-ով, 3 միլիոն 26 900-ից դարձել է 3 միլիոն 16 900»,- մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:
Կարդացեք նաև
Ազգագրագետի խոսքով` վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ այսքան մեծ արտագաղթ է գրանցվում մեր երկրում: «Մեզանում արտագաղթի ալիքը մեծանում է ընտրությունից ընտրություն: Այս տարին էլ բացառություն չէր: Փետրվարի ընտրություններից հետո արտագաղթի ծավալը միանգամից աճեց: Մարդիկ կարող են հինգ տարի համբերատար սպասել` փոփոխության ակնկալիքով: Բայց երբ մարդկանց սպասումները չեն արդարանում, նրանք հեռանում են: Ասում են` հայերը բողոքում են ոտքերով»,- ասաց ազգագրագետը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում