Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս տարի ևս լավագույն ձևավորում ապահոված հասարակական, առևտրի և սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից:
Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առևտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի ևս հետամուտ է լինելու առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաև նախատոնական առևտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում և բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Կանոնակարգված առևտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաև համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն