Հետեւելով Վիեննայի հանդիպումից առաջ մերձքաղաքական անձանց հնչեցրած մի քանի կարծիքներին, ճիշտն ասած վերստին համոզվեցինք, որ մերոնցից հատուկենտ մարդիկ են տեղյակ լինում պահի շեշտադրումներից, իսկ մեծ մասի տեղեկացվածությունն առնվազն երկու չափ հնացած է:
Առհասարակ` մեր քաղաքական դաշտում մի այնպիսի «սահմանադադար» է, ինչպես եւ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող գնդակոծումներին «սահմանային անդորրը» խախտում են լոկալ իրադարձություններով. ասենք` «Վճարում ենք 100 դրամի», կամ Շանթի հեղափոխության տիպի (խեղճ Շանթից որոշել են վրեժ լուծել` նրան երկու ամիս հոգեբուժարան ուղարկելով, ինչը մանր վրեժխնդրության տպավորություն է թողնում): Իսկ իրավիճակի առարկայական մեկնաբանություն` չիք, մարդիկ տեղեկացված չեն, քիչ է, հավես էլ չունեն ջանք գործադրելու սեփական հնարավորություններով իրենց իրազեկումը կազմակերպելու, որպեսզի ընդհանուր ձեւակերպումներով ու ոչինչ չարժեցող տեսակետներով չողողեն տեղեկատվական դաշտը` սպասելով այն բանին, որ նախագահ Սարգսյանը կգա ՀՀԿ գործադիրի նիստին, իրենց կիրազեկի, դրանից հետո միայն գուցե իմանան` ինչ ասեն, որից հետո կհնչեն ՀՀԿ պատասխանատուների մի քանի խրոխտ արտահայտություններ ոչ թե մեզ` հայ հանրության իրապես հետաքրքրված հատվածի, այլ` փաստորեն թշնամու ուղղությամբ, լսեցնելով, թե մի հլա փորձեք համը հանել, ականջներդ ոլորելու ենք:
Իսկ թե ի՞նչ ուղղությամբ է ընթանալու նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, նոր միավորումների առկայության պարագայում ԼՂՀ հարցը, ի՞նչ կարգի վտանգներ են մարմին ստանում կամ ստանալու ապագայում, այդ մասին` ոչինչ. կամ չեն պատկերացնում, ինչը շատ վատ է, կամ պատկերացնում-չեն ասում, ինչ էլ ավելի վատ է:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում