Հատվածներ «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հարցազրույցից:
– Ինչո՞ւ է իշխանությունը որոշել տարբերակում դնել Շանթ Հարությունյանի և իշխանության դեմ մյուս պայքարողների միջև, ինչո՞ւ նրան չեն ուզում մյուսների նման քրեական հանցագործ ներկայացնել և ուղարկել բանտ, այլ որոշել են ներկայացնել՝ որպես հոգեկան հիվանդ։
– Շանթ Հարությունյանն, ի տարբերություն մեզ բոլորիս, չի հարմարվում ստեղծված իրականությանը։ Եթե շատ քաղաքական ու հասարակական ուժեր դարձել են կոնֆորմիստներ, ապա Շանթը ցույց տվեց, որ ինքը կոնֆորմիստ չէ և չի կարող համակերպվել ստեղծված իրավիճակին։ Նրա արածը բացարձակ քաղաքական քայլ էր, և ես կարող եմ ասել, որ նա դասական քաղբանտարկյալ է։
Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ՝ դասական քաղբանտարկյալ ասելով։ Հայաստանում 1995թ. սկսած շատ քաղբանտարկյալներ են եղել, դրանք այն քաղաքական ուժերի հետևորդներն են, որոնք պայքարել են իշխանափոխության համար և հայտնվել են բանտերում։ Ի տարբերություն նրանց, Շանթ Հարությունյանի պայքարն իշխանության համար չէր, նա պայքարում էր հանուն գաղափարի։
Կարդացեք նաև
Նա մի քանի հստակ հայտարարություններ է արել, որոնք ես ուզում եմ հիշեցնել, ես չեմ ուզում ինձ Կիևյան կամուրջից ցած նետել, ես չեմ ուզում Հայաստանից հեռանալ, ես չեմ ուզում հարմարվել Հայաստանում ստեղծված իրականության հետ։ Նա չընտրեց այս երեք տարբերակներից և ոչ մեկը և հստակ ասաց՝ ես գնում եմ պայքարի, և հնարավոր է, որ ինձ խփեն։
– Իշխանությունն ասում է, որ դա խաղաղ երթ չէր, քանի որ ցուցարարներն ունեին բենզինի շշեր, մահակներ և պայթուցիկներ։ Այսինքն՝ փորձ է արվում ցույց տալ, որ իրենք կանխել են բռնությունը։
– Բենզինի շշերի մասին հայտարարությունները հռետորական էին. որևէ մեկը չի տեսել և չի առգրավել բենզինի շշեր։ Բահի պոչերը վաճառվում են խանութներում, և դրանք կրելը հակաիրավական չէ, և կարելի է ասել, որ ցուցարարները դրանք վերցրել էին ինքնապաշտպանության համար։ Այդ փայտերը գործի դրվեցին միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը խոչընդոտեց երթի անցկացումը, և լարվածություն ստեղծվեց։ Ի՞նչ էր լինելու, եթե նրանց հնարավորություն տրվեր երթ անելու, ի՞նչ է՝ այդ բահի պոչերով պետք է զինված հեղափոխությո՞ւն անեին, իշխանությո՞ւն տապալեին։ Ինչ վերաբերում է պայթուցիկներին, դրանք որևէ մեկին վնաս չեն տվել, քանի որ միայն արտաքին էֆեկտ կարող են առաջացնել։
– Նախագահական նստավայրն այրելու, բենզինի շշեր շպրտելու սպառնալիքը և՞ս հռետորական եք համարում։
– Այո. Շանթն ահաբեկիչ չէ, քանի որ որևէ ահաբեկիչ նախօրոք չի հայտարարում, որ ինքը պետք է այսինչ մարդուն սպանի կամ այսինչ շենքը պայթեցնի, այլ դա անում է գաղտնի։ Բացի այդ, բոլորի համար էլ պարզ է, որ բենզինի շշերի միջոցով հնարավոր չէ նախագահական նստավայրն այրել, մանավանդ, որ այդ շշերը չեն եղել։ Էլի եմ կրկնում, այդ կոչերը եղել են՝ որպես պայքարի վճռականությունը հաստատող հռետորաբանության մի մաս։
– «Հելսինկյան կոմիտեն» պատրաստվո՞ւմ է Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկել։
– Իհարկե, որովհետև, ինչպես նշեցի, Շանթն այն հազվագյուտ դեպքն է, որ քաղբանտարկյալ է դարձել ոչ թե իշխանության համար պայքարելու, այլ չհարմարվելու, հանուն իր գաղափարների կռիվ տալու համար։ Հենց այդ առումով, նորանկախ պատմության մեջ Շանթին կարելի է համարել ամենադասական քաղբանտարկյալը։ Նրա նկատմամբ պետք է իրականացվի ոչ միայն իրավական, այլև քաղաքական պաշտպանություն։ Ոչ թե այն իմաստով, որ այսինչ մարդը մեր կուսակցությունից է, նրան պետք է պաշտպանենք։ Այլ այնպիսի պաշտպանություն, ինչպես ժամանակին եղել է
Հնդկաստանում Գանդիի նկատմամբ, երբ նրա ազատության համար պայքարում էր ամբողջ հասարակությունը։
Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ւսվտոմեքենայից» կինոնկարը, որտեղ Դետոչկինը ֆորմալ առումով մեղավոր էր, բայց նաև անմեղ էր, քանի որ պայքարում էր հանուն հասարակության։ Թող ինձ Շանթը ների այս համեմատության համար, բայց ֆորմալ իմաստով նա գուցե մեղավոր է, բայց նա պայքարել է բոլորիս փոխարեն, ու հիմա բոլորը պետք է պայքարեն նրա ազատության համար։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում