Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը` Լևոն Զուրաբյանին. «Ընդդիմությունը ինքնահաստատվելու խնդիր ունի»

Նոյեմբեր 21,2013 11:41

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցապնդում էր ներկայացրել կառավարությանը, որի հիմնական թիրախը կոռուպցիան էր: Պարոն Զուրաբյանը մի շարք հարցեր է առաջադրել կառավարությանը, մասնավորապես, «ինչու՞ կառավարությունը չի նախաձեռնել ավիափոխադրումների խոշորագույն և եկամտաբեր ոլորտի միջազգային աուդիտի անցկացումը, ինչը լույս կսփռեր «Արմավիայի» սնանկացման պատմության վրա», «Ինչու՞ համապատասխան մարմինները մինչ օրս քրեական գործ չեն հարուցել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար, «Ինչու՞ չի կատարվել ՀՀ Հակակոռուպցիոն Ռազմավարության` 2009-2012 թթ Ծրագիրը»: «Ինչու՞ որևէ տեղ հրապարակված չեն ՀՀ Հակակոռուպցիոն Ռազմավարության` 2009-2012 թթ Ծրագրի կատարման հաշվետվությունները»: 

Ամփոփելով պարոն Զուրաբյանը փաստել է. «Կոռուպցիան կրում է համակարգային բնույթ և ախտահարել է պետական ամբողջ համակարգը` վերից վար», «Կոռուպցիայի դեմ պայքարում պետությունը չի ձեռնարկում որևէ լուրջ քայլ, ինչը պայմանավորված է նրանով, որ չկա երևույթի դեմ պայքարելու քաղաքական կամք»:

Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց` հիմնավո՞ր են Լևոն Զուրաբյանը փաստարկները: Նա պատասխանեց. «Տեսել ենք, որ տարբեր ժամանակներում մեր ընդդիմությունը փորձում է ավելի լայն բառապաշարով իր ընդդիմադիր կեցվածքն ընդգծել: Մենք բազմիցս խոսել ենք կոռուպցիայի մասին, նշել, որ չկա մի հասարակություն և երկիր, որտեղ կոռուպցիա գոյություն չունենա, և քաջ գիտակցելով դրա վնասակար հետևանքները` տարբեր կերպ պայքարել դրա դեմ»:

Պարոն Սահակյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում խոր ու արմատական մոտեցում, մտածելակերպում որոշ փոփոխություններ են պետք: Դառնալով ընդդիմությանը` ՀՀԿ պատգամավորը նկատեց. «Իսկ ընդդիմությունը նրա համար է, որ ավելի ճոխ ու արտահայտված թվերով ներկայացնի, որ ամեն ինչ վատ է: Բայց ավելի ճիշտ կլիներ կառուցողական դաշտի դիրքերից խոսեին և փորձեին համատեղ պայքարել»:

Լևոն Զուրաբյանի` «Պետությունը չի ձեռնարկում որևէ լուրջ քայլ» պնդմանը Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց. «Եթե հիմա փորձեմ արձագանքել, կնշանակի կարևորելու եմ նրա խոսքերը: Քանի որ չեմ կարևորում` դրանք որևէ հիմնավորում չունեն, ուղղակի նշեմ, որ համամիտ չեմ և թողնեմ անպատասխան»:

Մյուս պնդմանը, թե «Չկա երևույթի դեմ պայքարում քաղաքական կամք», պարոն Սահակյանը ևս ժխտողական պատասխան տվեց. «Ցանկություն պետք է ունենալ, որ տեսնել այդ քաղաքական կամքը: Այն բարեփոխումները, որ արվում են կադաստրում, արդարադատության, դատախազության համակարգում ուղղված են հենց կոռուպցիայի դեմ պայքարին»:

Մեր հստակեցմանը, ստացվում է, որ Լևոն Զուրաբյանը չի՞ ուզում լավը տեսնել, Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց. «Ոչ թե չի ուզում, այլ ընդդիմադիր են, պետք է սևացնեն`իրենց միակ զենքը համարելով ամենասև տոնայնությամբ պատկերը ներկայացնելը: Իհարկե, երբեմն նաև այլ ասելիք չունենալու պարագայում ցանկություն չունեն կատարված աշխատանքը տեսնելու»:

Պարոն Սահակյանի` համատեղ աշխատելու դիտարկումներին ի պատասխան մեջբերեցինք Լևոն Զուրաբյանի այն պնդումը, թե 2011-ին ընդունված իշխանություն-ընդդիմության երկխոսության փաստաթղթում առկա դրույթները այդպես էլ անպատասխան մնացին, կամ ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են: Նա հակադարձեց. «Կան բազում օրինակներ, որ ընդդիմության հետ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել: Օրինակ` թիկնազորի հետ կապվածը նախաձեռնությունը` ՀՅԴ-ի հետ: Համաձայն չեմ, որ համագործակցությունը, կամ երկխոսության կոչը մնաց անպատասխան: Ընդդիմադիր դաշտում լիդեր ու լոկոմոտիվ լինելու պայքար է: Երբ իրենք իրենց մեջ խնդիր ունեն, երբ ՀԱԿ-ում 5-6 պատգամավոր կա, ամեն մեկն իր ամբիցիաներն ունի, չեն կարողանում երկխոսել, ընդդիմադիր խմբակցություններն իրար մեջ խնդիր ունեն և խնդիրը կապում են իշխանության հետ, ուստի այստեղ իրականությունը ներկայացնելու խնդիր կա»:

Պարոն Սահակյանը հիշեցրեց ժամանակին Մարզահամերգային համալիրում կազմակերպված քննարկումը, որին ՀԱԿ-ը հրավիրված էր, բայց հրաժարվեց մասնակցել, ու շեշտեց, թե «այն ժամանակ պիտի մտածեին, գային իրենց տեսակետը ներկայացնեին»:

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ ընդդիմությունը «լիդերության, ինքնահաստատվելու խնդիր ունի» ու միևնույն ժամանակ նրանց համագործակցության կոչ անում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աստված չանի որևէ մեկը ձեր հետ համագործակցի: Դա կնշանակի ևս մեկ հանցագործ խումբ միացավ
    ձեր թալանի ծրագրին: Ժամանակն է, որ ձեր և ձեր ներքին օրգան՝ օեկ-ին համազգային հայտարարել՝
    հակաազգային, հակաժողովրդական, այսինքն՝ խունտա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930