Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր վերապահեց միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:
Իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջև առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի և Բրազիլիայի միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները և հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձևի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:
Էնրիկե Ալվեսը խորը ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և այլ ոլորտներում: Կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված պայմանագրերի վավերացման ուղղությամբ, կնպաստեն երկու օրենսդիր մարմինների միջև ինտերակտիվ կապերի հաստատմանը` միմյանց օրենսդրական գործունեությանը ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով, կխրախուսեն բարեկամական խմբերի մակարդակով հարաբերությունների սերտացումը` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով:
ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում և Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարեց Պատգամավորների պալատում, եղավ նիստերի դահլիճում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն