Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Այո՛, ԱՊՊԱ-ն էլ է հակասահմանադրական». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2013 11:13

 Հատված ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցազրույցից:

– Պարոն Մինասյան, խնդրում եմ նշել, թե ինչու եք պնդում, որ կուտակային կենսաթոշակային համակարգը հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Կառավարության անդամները, օրինակ, հավաստիացնում են, որ դա այդպես չէ:

– Եթե խոսենք սահմանադրական դրույթների մասին, ապա պետք է արձանագրենք, որ այս փաթեթով խախտումներ կան, ու դա 117-րդ հոդվածն է, որն ամրագրում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված սոցիալական իրավունքի ծավալն արգելվում է նվազեցնել։

2003 թվականից գործում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենք, որով ձեռք բերված որոշակի մակարդակ կա, մասնավորապես կենսաթոշակի անցնելու համար նախատեսված է նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, իսկ այդ փոփոխություններով 5 տարին դարձավ 10 տարի։ Ստացվեց, որ մարդը, եթե աշխատել է 7 տարի, ժամանակին կատարել է վճարումներ այն ակնկալիքով, որ ինքը պետք է գնա աշխատանքային կենսաթոշակի, զրկվում է այդ հնարավորությունից։ Մինչդեռ 117-րդ հոդվածն արգելում է նման քայլի իրականացումը։

Երկրորդը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով պետք է մուծի հարկեր, տուրքեր, կատարի պարտադիր այլ վճարումներ։ Եթե օրենքով սահմանվում է որոշակի պարտադրանք, ապա այդ գումարը դառնում է օրենքով սահմանված պարտադիր վճար։ Ըստ Սահմանադրության՝ այս գումարը պետք է գնա պետական բյուջե։ Ու նաեւ 14.1 հոդվածին է հակասում, երբ պարտադիր կուտակային համակարգի համար կիրառվում է տարիքային խտրականություն։

– Այսինքն՝ ՀՅԴն ցանկանում է, որ կուտակային կենսաթոշակը ե՞ւս գնա պետական բյուջե։

– Այս փաթեթով պարտադրվում է, որ գումարները գնան մասնավոր կազմակերպություններին, թեկուզեւ քաղաքացու անձնական հաշվի վրա։ Սա նույնն է, որ օրենքով սահմանեին, թե ավանդ դնելը պարտադիր է։ Այդ դեպքում, եթե պարտադիր է, ապա այդ գումարի տնօրինման պատասխանատուն պետք է լինի պետությունը՝ ի դեմս կառավարության։ Մինչդեռ իրենք այդ փաթեթով պատասխանատվությունը թողնում են քաղաքացու վրա, սա մեր գնահատմամբ ոչ միայն չի համապատասխանում 45-րդ հոդվածին, տրամաբանությանը, այլեւ սահմանադրական մեկնաբանություններով ներկայացված մոտեցումներին։

Իրենք այս առումով օրինակ են բերում ԱՊՊԱ-ն, մենք էլ ասում ենք՝ այո՛, ԱՊՊԱ-ն էլ է հակասահմանադրական, եթե ժամանակին մի հակասահմանադրական քայլ արվել է, դա չի նշանակում, որ պետք է շարունակել։

Մյուսը վերաբերում է Սահմանադրության 36-րդ հոդվածին, որով ամրագրվում է սերունդների համերաշխությունը։ Այս համակարգով ստացվում է, որ կտրվում է կապը սերունդների միջեւ։ Ամենակարեւոր մի նորմն էլ 31-րդ հոդվածն է, որը սեփականության իրավունքի տնօրինման լիազորությունն է։ Եթե դու քաղաքացուն պարտադրում ես, որ իր աշխատավարձից մասհանի ու փոխանցի մասնավոր սուբյեկտի, ստացվում է, որ անհամաչափ սահմանափակում ես կիրառում քաղաքացու աշխատավարձի նկատմամբ։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930