Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Վերադարձի» 7-րդ փառատոնի փակման համերգը: Համերգի ընթացքում դաշնակահար Վահագն Պապյանն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեցին Ս. Ռախմանինովի «3-րդ կոնցերտը դաշնամուրի համար» և Պ. Չայկովսկու «4-րդ սիմֆոնիան»:
«Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 29-ին: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել վեց համերգներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նրան մասնակցել են երաժիշտներ Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է փառատոնը, քանի որ երաժիշտները մեծ պատասխանատվությամբ են ելույթ ունենում.
«Սա կարևոր է, որպեսզի ցանկացած ազգությամբ հայ երաժիշտ, որը ժամանակին մեկնել է, վերադառնա, թեկուզ ժամանակավորապես Հայաստան: Այն բացառիկ ծափողջյունները, որ նրանք այստեղ՝ հայրենիքում, տեսնում և լսում են, կարծում եմ, դա տալիս է նոր ուժ արարելու և մեծ ցանկություն ամեն տարի վերադառնալու՝ ապրելով մշտապես արտերկրում»:
Կարդացեք նաև
Իսրայելաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը խոստովանեց, որ Ս. Ռախմանինովի «3-րդ կոնցերտը դաշնամուրի համար ստեղծագործությունը բարդ է և իր տարեկիցները նման բարդ ստեղծագործություններ չեն սիրում.
«Բայց գործի դժվարությունը, անկասկած, տեխնիկական կողմը չէ, այլ միգուցե փիլիսոփայական կողմը, որ երիտասարդ ժամանակ մեծ հաջողությամբ այդ կոնցերտը նվագում են, երևի առանց սուզվելու, առանց գործի խորության մեջ ընդգրկվելու: Իսկ կոնցերտը ինձ շատ մոտ է, որովհետև այս կոնցերտը նոստալգիայի կոնցերտ է, ինչ-որ անցած լքած մարդու զգացողություն»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Վահագն Պապյանի վրա լավ տպավորություն է թողել, նա բնութագրեց այն որպես երիտասարդ, ուրախ, լավ պատրաստված նվագախումբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ