Նոյեմբերի 20-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օրը: Միջոցառման ընթացքում կրթաթոշակի գործընկեր համալսարանի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրեցին ծրագրի ընդհանուր նկարագիրը և ընթացիկ ծրագրերը:
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագիրը ձևավորվել է 2007 թվականին և ֆինանսավորվում է Եվրոպական կոմիսիայի Կրթական և մշակութային կազմակերպության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ուսանողների ուսումը Եվրոպայում: Նրան կարող են դիմել ինչպես բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներն, այնպես էլ համալսարանի դասախոսական և վարչական կազմը, ի դեպ Հայաստանից կարող են մասնակցել միայն երեք հարյուր ուսանող: Այս տարի Հայաստանը ներկայացող մի շարք համալսարաններին այս տարի միացան նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Միջազգային համագործակցություն բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց համալսարանի ծրագրին առաջին անգամ ներգրավվելու պատճառները.
«Մինչև այս, երբ Էրազմուս Մունդուսը կար, տարին ընդամենը 1 նախագիծ էր ստանում դրամաշնորհը և կար 7 նախագիծ, հետևաբար՝ մրցակցությունը շատ բարձր էր և ոչ բոլոր ծրագրերն էին հաղթում, նամանավանդ, մեր տարածաշրջանում շատ քիչ նախագծեր կային: Անցած տարի հաստատվեց 9 նախագիծ և այս տարի էլ հաստատվեց 9 նախագիծ, այսինքն՝ գրեթե երեք անգամ ավելի շատ, քան այն 5 տարիների ընթացքում: Այդ իսկ պատճառով ավելի շատ համալսարաններ ներգրավվեցին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ