Նոյեմբերի 13-ին Արգիշտի Կիվիրյանին կրկին կանչել էին ՀՔԾ՝ հարցաքննության, որը տեւել էր 4 ժամ։ Կիվիրյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ ինքն արդեն ստորագրել է նախաքննության ավարտի մասին, որ այս կարգի շտապողականությամբ քրեական գործն ավարտելով՝ իշխանությունները ցանկանում են վայրկյան առաջ այն ուղարկել դատարան, որպեսզի կայացնեն մեղադրական դատավճիռ։
Սակայն չգիտես, թե ինչ սեւ կատու է անցել արանքով, եւ հանկարծ նոյեմբերի 18-ին ՀՔԾ ավագ քննիչ Մելքոնյանից Արգիշտին փոստով ստանում է գրություն այն մասին, որ իր դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվում է։ Գրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ։ Ուստի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործով նախաքննության ավարտի մասին կհայտնվի լրացուցիչ»։
Ըստ ոստիկանների «ինքնածեծված», ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած եւ սուտ մատնություն արած Արգիշտի Կիվիրյանը հետեւյալ կերպ պարզաբանեց նախաքննությունը վերսկսելու ծանուցումը. «Սա ի՞նչ է նշանակում, պետից հետո պետի տեղակալը ցուցում է տվել ինչ-որ լրացուցիչ քննչական գործողություններ կատարել, որոնց մասին ես տեղեկացված չեմ, որովհետեւ ստացել եմ միայն այս գրությունը։ Այլ բան ես չգիտեմ, ինչ-որ տեղ սա աբսուրդ է, նոյեմբերի 13-ին հայտնում են նախաքննության ավարտի մասին եւ մի քանի օր հետո վերսկսում են։ Քանի որ այս քրեական գործն ամբողջովին աբսուրդի թատրոն է, այս մի հարցում էլ չեմ կարող գուշակություն անել, թե ինչու են լրացուցիչ քննչական գործողություններ կատարում։ Աբսուրդի թատրոնը շարունակվում է»։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում