Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Մաքսային միության անդամները հավասար իրավունքներ ունեն

Նոյեմբեր 20,2013 22:57

«Եթե պաշտոնապես Մաքսային միության  անդամները  հավասար իրավունքներ ունեն, ապա պետք է իրավունք ունենան պաշտոնական փաստաթղթերը ստանալ իրենց պետական լեզուներով: Ինչը արվում է Եվրամիությունում»,- կարծում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:

Նրա համար անհասկանալի են Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի  պնդումները, թե պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա, եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»:

Պարոն Ապատյանին հիմնավոր չեն թվում նաեւ պարոն Սլուցկիի պատճառաբանությունները, թե ինչու չեն փաստաթղթերը չեն կարող թարգմանվել հայերենով. «Գիտեք՝ պրոֆեսիոնալ թարգմանիչներ պետք է լինեն, չէ՞ որ լեզուն տեխնիկական է, կարող է բոլորը չկարողանան»։

«Ի՞նչն է ռուս պաշտոնյայի երազանքը կամ նպատակը, երեւի կցանկանար, որ ամեն ինչ արվեր ռուսերենով, եւ բոլորը հասկանային, թե ինչ կարեւոր է ռուսերենը: Բացատրությունները, թե դա դժվար է անել, որովհետեւ տեխնիկապես դժվար է, թարգմանիչներ չկան, լուրջ չէ: Հայաստանում կան թարգմանիչներ, տեքստերն էլ գեղարվեստական արժեք չեն ներկայացնելու եւ կարող են հեշտությամբ թարգմանվել: Նման խնդիր չեմ տեսնում: Իշխանությունները եւ քաղաքական ուժերը, Մաքսային միությանն անդամակցելով,  պետք  է պաշտպանեն հայոց լեզվի անկախությունը:

Այստեղ հատուկ կարգավիճակ տալ ռուսաց լեզվին, խոսք կգնա արդեն գաղութատիրության մասին: Քանի որ դեռ պարզ չէ, ինչ նկատի ունեն,  երբ ասում են՝  պետք է բարձրացվի ռուսերենի իմացության մակարդակը: Նախ` պետք է հասկանալ՝ ինչ մեթոդներով են փորձելու դրան հասնել, եթե խոսքը գնում է ռուսական դպրոցներ բացելու մասին, մենք բազմիցս  ասել ենք, որ բացարձակապես ընդունելի չէ, ինչպես ընդունելի չէ այն հայտարարությունը, որ Երեւանում պետք է ռուսական լիցեյ բացվի :  Հայաստանի իշխանությունները պետք է մերժեն ռուսաց լեզվին կարգավիճակ տալու նախաձեռնությունը»,- ասաց պարոն Ապատյանը:

Նրա  խոսքով, Հայաստանում ոչ մեկ դեմ չէ,  եթե գոյություն ունեցող հայկական դպրոցներում ռուսերենի դասավանդումը բարելավվի, ռուսերենի մասնագետները լեզվի լրացուցիչ մակարդակի բարելավում ստանան. «Մենք միշտ կողմ ենք օտար լեզուների՝ ավելի լավ իմացությանը: Բայց դա չպետք է լինի ինչ-որ առարկաներ ռուսերենով դասավանդելու հաշվին: Եթե դա է ռուս պաշտոնյայի վերջնական երազանքը, ապա դա բացարձակապես ընդունելի չէ»:

Պարոն Ապատյանին մասամբ մտահոգել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը՝ Եվրասիական տարածքում ռուսերենի դիրքերի ամրապնդման եւ  ռուսերենի ուսուցիչների պատրաստման մասին:

«Ինչու՝  ոչ, եթե այդպիսի ծրագրեր իրականացվեն, ռուսերենի նորանոր դասատուներ պատրաստեն, հետո հարց կծագի, թե այդ մասնագետները որտեղ դասավանդեն, դպրոցներ չկան: Եվ միտք կառաջանա ՝ բա ուրեմն պետք է ռուսական դպրոցներ բացել: Հայաստանում այս պահին դասատուների քանակը անհամեմատ ավելի մեծ է, քան աշակերտներինը: Այնպես որ Մատվիենկոյի ասածը Հայաստանին չի վերաբերում, որովհետեւ միգուցե դասավանդման հմտություննե՞րը պետք է բարելավվեն, բայց քանակն ավելացնելու իմաստ չկա: Մատվիենկոն չի ծանոթացել տաբեր երկրների վիճակագրությանը, թե որ երկրում քանի ռուսաց լեզվի դասատու կա, դա ավելի շատ քաղաքական ուղղվածության հայտարարություն է, բայց  պետք է զգույշ լինել, որ դրա հետեւանքները չբերեն եւս մի ճնշող գործոն՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու առումով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930