20 տարվա ընդմիջումից հետո վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայան նոր ֆիլմ է նկարում հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին: Ֆիլմի աշխատանքային անունն է «Կովկասյան եռյակ»: Այս առիթով ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը զրուցել է ռեժիսորի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
– Էլդար Նիկոլաևիչ, ինչի՞ մասին է նկարահանվող ֆիլմը:
– Ֆիլմն ադրբեջանցիներին և հայերին կոչ է անում խաղաղություն հաստատել: Այս ֆիլմը խաղաղասիրական է: Էկրանավորման ամբողջ իմաստը միայն դրա մեջ է:
– ԶԼՄ-ները գրում էին, որ ֆիլմի սցենարը գրել է Ռուստամ Իբրահիմբեկովը (ադրբեջանցի սցենարիստ): Ինչքանո՞վ են ճիշտ այդ լուրերը:
Կարդացեք նաև
– Ոչ, դա ճիշտ չէ: Ես և՛ ռեժիսորն եմ, և՛ սցենարի հեղինակը: Ռուստամ Իբրահիմբեկովը Ռուսաստանի կողմից որպես պրոդյուսեր է մասնակցում ֆիլմի աշխատանքներին: Այս ֆիլմը Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ աշխատանք է:
– Ինչո՞ւ է ֆիլմում ադրբեջանցու դերը խաղում ռուս դերասան Յուրի Ստոյանովը: Մի՞թե չեք կարողացել ոչ մի ադրբեջանցի դերասան գտնել:
-Դա իմ նախաձեռնությունն ու միտքն էր: Ի դեպ, Ստոյանովը բավական լավ է խաղում ադրբեջանցու դերը:
– Ո՞ր քաղաքներում եք նկարահանումներ արել:
– Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում: Երևանում մենք նկարահանումներ չենք արել, ու Հայաստանից դերասաններ էլ չենք ներգրավել:
– Ե՞րբ եք նախատեսում վերջացնել նկարահանումները և որ քաղաքներում եք ներկայացնելու ֆիլմը:
– Հիմա դժվար է կոնկրետ ամսաթվեր ասելը, բայց մենք կփորձենք մինչև 2014թ. մարտի վերջն ավարտել: Հետո կսկսենք մտածել այն ներկայացնելու մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ