Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը ՀՀ ղեկավարության հետ համաձայնության են եկել»

Նոյեմբեր 20,2013 21:05

«Ռուսերենը Մաքսային միության աշխատանքային լեզու չի կարող լինել, այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»,- ասաց  «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ «Aravot.am»-ի հետ զրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին  կարծիք էր հայտնել, որ «Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա, եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերենով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»:

«Ռուսերենը չի կարող որեւէ կարգավիճակ ունենալ Հայաստանում, որովհետեւ Հայաստանի  Սահմանադրությունը նման բան չի նախատեսում: Ռուսերենը որպես աշխատանքային լեզվի կարգավիճակ պետական մարմիններում նշանակում է ՝ փաստաթղթերի պատրաստման լեզուն  է լինելու, ինչը հնարավոր չէ ու  հակասահմանադրական է: Ռուսական կողմի արած հայտարարություններով  Հայաստանի  Սահմանադրության արգելքները չեն վերանում, Հայաստանի  իշխանությունները չեն կարող պատուհան բացել Հայաստանի  ինքնիշխանության եւ լեզվի դեմ նման ոտնձգություններ իրականացնելու համար»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Նրա խոսքով, «Եթե անգամ հավատանք, ցավալի մղձավանջին, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, ապա  Մաքսային միությունը պարտավոր է Հայաստանի համար ապահովել բոլոր փաստաթղթերի հայերեն թարգմանությունները եւ այդ փաստաթղթերը կարող են օրինական ուժ ստանալ, միայն այն դեպքում, եթե հայերեն թարգմանված են ու հայերեն են գործում: Մաքսային միությունը լավ կանի նայի Եվրամիության փորձին, որտեղ որեւէ մեկը չի վիրավորում այլ ազգերի ինքնությունը: Ռուսաստանը 150 միլիոնանոց երկիր է եւ տվյալ  դեպքում այնտեղ պետք է ինտենսիվ սկսեն սովորել հայերեն, եւ հենց ռուս մասնագետները ապահովեն փաստաթղթերի հայերեն թարգմանությունը»:

Անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը, թե ռուսերենը պետք է ամրապնդվի Եվրասիական տարածքում եւ բավականաչափ թվով ռուսերենի ուսուցիչներ պետք է  պատրաստվեն, ասաց. «Մատվիենկոն անցած տարի ժամանեց Երեւան եւ խորհրդավոր հանգամանքներում հանդիպեց Սերժ Սարգսյանի, վարչապետի, ԿԳ նախարարի հետ, խոսել են  նաեւ այդ թեմայով եւ Հայաստանի այս ղեկավարության մասնակից դարձել հայոց լեզվի դեմ ոտնձգությանը: Նրանք դավադիր համաձայնություն են ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ եւ այսօր փորձում են իրականացնել, ինչը թույլ չենք տալու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    այ որ մաքսատունտունիկ չխաղանք, այլ լեզուների խնդիր էլ չի առաջանա…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930