Շաբաթ օրվանից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի է այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գյումրու որոշ փողոցներում ու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում աննկարագրելի արագությամբ վերանորոգման աշխատանքներ սկսվեցին: Քաղաքի օդանավակայանի տարածքում, Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում ու թատրոնում այնպիսի մի եռուզեռ է, այնպիսի մի նախապատրաստական աշխատանք, որ վերջիններիս մոտով անցնող գյումրեցիները կատակում են, թե նամակ չգրե՞նք Պուտինին, մի հատ էլ մեր դռներով անցնի:
Այսօր, տեսնելով, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արագացված կոսմետիկ վերանորոգում է ընթանում, մենք աշխատակիցներին կատակով ասացինք, թե Վլադիմիր Պուտինը շուտ պիտի գար, թատրոնը 10 տարի է` չի վերանորոգվել, նրանցից մեկը մեզ ուղղեց. «Ոչ թե շուտ պիտի գար, այլ շուտ-շուտ պիտի գար, էդ դեպքում սաղ քաղաքը կվերանորոգեին»:
Այս պահին վերանորոգվում է Գյումրու օդակայանի ճանապարհը, որը, ի դեպ, ցնծության մեջ է գցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քանի որ ըստ նրա, սա ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է, և Գյումրու օդակայանը ոչնչով չպիտի զիջի մյուս երկրների օդակայաններին:
Վերանորոգում են թատրոնի ներսի որոշ հատվածներ, ինչպես նաև Ամենափրկիչ եկեղեցու ետնամասը, որտեղ տեղակայված է Երկրաշարժի զոհերի հուշարձանը: Նշենք, որ ձեռքի հետ էլ վերանորոգում են կիսատ-պռատ մնացած որոշ փողոցներ, օրինակ` թատրոնի ձախակողմյան փողոցը, երեկ ավարտեցին Շիրակացի փողոցի այն հատվածը, որտեղ գտնվում է Անանիա Շիրակացու արձանը:
Կարդացեք նաև
Մի խոսքով, Գյումրին Պուտինին է սպասում… Իսկ թե ո՞ւմ հաշվին են այս աշխատանքները կատարվում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց` տարբեր գերատեսչությունների, տրանսպորտի ու մշակույթի նախարարությունների, իսկ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Սեյրան Հարությունյանը փոխանցեց, որ չի կարող հստակ ասել, թե ով է ֆինանսավորողը, սակայն թատրոնը ևս իր հնարավորությունների սահմաններում մասնակցում է կոսմետիկ վերանորոգման աշխատանքներին: Թատրոնի ողջ անձնակազմը ընդգրկված է այդ գործում:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ