Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյան. «Մենք իրավունք չունենք որևէ երեխայի վիզը ծուռ թողնելու»

Նոյեմբեր 20,2013 18:55

«Եթե մենք հիմա ահազանգ չհնչեցնենք, մի քանի տարի հետո որոշ մարզային թատրոններ ուղղակի չեն լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը և հավելեց, որ միության վերջին երկու տարիների գործունեության առանցքում եղել են, մասնավորապես, մարզային թատրոնները և դարձյալ կլինեն, որովհետև դրանց հանդեպ, պարոն Ղազանչյանի բնորոշմամբ, կա հանցագործ վերաբերմունք:

Նա անդրադարձավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի ծանր վիճակին՝ նշելով, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Առանձնացրեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքի  խնդիրը, որի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են։

«Այս խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, հավատացեք՝ լսվում են որոշակի տարածքներում, և նույնիսկ այն դեպքերում, որ թվում է՝ չի լսվում, ձևացնում են, թե չեն լսում, ամեն տեղ էլ լսում են, մտածում են, երբեմն էլ ընթացք են տալիս: Դա ցույց է տվել տարիների մեր աշխատանքը»,- ասաց Հ. Ղազանչյանը:

Անդրադառնալով Հայաստանի թատերական գործիչների միության վերջին՝ 15-րդ համագումարին՝ պարոն Ղազանչյանն այն շատ գործնական որակեց. «Բավականին սուր հարցեր բարձրացվեցին համագումարի շրջանակներում, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն կան արձագանքներ: Մասնավորապես, մենք վաղը կհանդիպենք պարոն Աշոտյանի հետ (ի դեպ, նախաձեռնությունը նրանն է) և կքննարկենք դպրոցներում տոմսերի վաճառքն արգելելու հետ կապված հարցը»,- տեղեկացրեց ՀԹԳՄ-ի նախագահը և հույս հայտնեց, որ հարցը լուծում կստանա:

Հարցին, թե պետությունն աջակցո՞ւմ է արդյոք թատրոնին, Հակոբ Ղազանչյանը պատասխանեց. «Ոչ մի լուրջ թատրոն չի կարող ինքնաֆինանսավորմամբ գոյատևել: Թեկուզև քիչ, թեկուզև անհամաչափ, բայց պետությունը ֆինանսներ տրամադրում է: Ինչո՞ւ անհամաչափ: Ես կարծում եմ, որ մի օր պետք է բարձրացնել այս հարցը, թե ինչու են մի թատրոնին տալիս այսքան, մյուսին՝ այնքան: Ասում են՝  հաշվի են առնում թատրոնի շենքի մեծությունը, կոլեկտիվի քանակը և այլն, բայց ես գտնում եմ, որ այդ հարցը տարիներ շարունակ լուծվել է «ով ում հետ լավ է» սկզբունքով: Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա: Ես կարծում եմ, որ թատրոնները ֆինանսավորելիս նախ պետք է հաշվի առնել՝ այդ թատրոնն իրավունք ունի՞ տոմսը թանկ վաճառելու, որովհետև մեկ-մեկ ասում են՝ տոմսը թանկ վաճառիր: Բայց ես գտնում եմ, որ, օրինակ, Պատանի հանդիսատեսի թատրոնն իրավունք չունի թանկ վաճառելու տոմսը, որովհետև դասարանում երեխաների 70-80%-ը կարող է 500 դրամ էլ չունենալ, իսկ մենք իրավունք չունենք որևէ երեխայի վիզը ծուռ թողնելու»,- ասում է Հակոբ Ղազանչյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդային տարիներին Պատանի հանդիսատեսի թատրոնն ու Տիկնիկային թատրոնը ստացել են ավելի մեծ ֆինանսավորում, քան մյուս թատրոնները, «որովհետև ապագա սերնդին դաստիարակելու քաղաքականություն կար, իսկ հիմա  Պատանի հանդիսատեսի թատրոնն ամենաթշվառ թատրոնների շարքում է:

Ես ամաչում եմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելով՝ ստանում եմ ընդամենը 130.000 դրամ, իսկ «դրսում» ես ամենաքիչը ստանում եմ տասը հազար եվրո»,- ասաց Հ. Ղազանչյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930