Այս օրերին մայրաքաղաքում ընթացող ծառերի երիտասարդացման աշխատանքների վերաբերյալ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից տարբեր լրատվամիջոցներով տարածած հաղորդագրության առնչությամբ հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքի, այդ թվում նաև Երևանի բնակչության կյանքում մեծ նշանակություն ունեն կանաչ տնկարկները, որոնք բնակավայրերի անբաժանելի մասն են կազմում:
Մեր քաղաքի պողոտաներում և փողոցներում (հատկապես Մյասնիկյան, Մաշտոց, Իսակով, Կոմիտաս, Հ.Հակոբյան, Փափազյան, Կիևյան, Լենինգրադյան, Աբովյան, Վարդանանց, Հանրապետության, Ղ.Փարպեցու, Արշակունյաց, Տ. Մեծի, Էրեբունի, Պուշկինի, Թումանյանի, Սայաթ-Նովայի, Ազատության, Խանջյան, Տերյան Ամիրյան և այլն) տնկված ծառերի տարիքը հիմնականում անցնում է 30-ից, իսկ մի շարք փողոցներում այն անցնում է նաև 50-ից: Ինչ վերաբերում է բարդի տեսակի ծառերին, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ դրանք հիմնականում տնկվել են 1955-1960 թվականներին:
Ծառերի մեծ տարիքն առաջ է բերել բնի և սաղարթի չափի զգալի մեծացում, որի հետևանքով հաճախակի ուժեղ քամիներից ծառերը տապալվում են կամ ջարդվում են դրանց հաստ ճյուղերը՝ խոչընդոտելով հետիոտների անցուդարձին ու երթևեկությանը: Մայթեզրերին գտնվող ծառերի բարձրությունն առհասարակ չպետք է գերազանցի 5 մետրը: Փողոցների եզրերին տնկված բարդին, թեղին, թխկին, շատ բարձրանալով, խոչընդոտ են հանդիսանում արտաքին լուսավորությանը, էլեկտրական տրանսպորտի անխափան երթևեկությանը, ճանապարհային նշանների տեսանելիությանը, ավելորդ ստվեր են գցում բնակարանների պատուհաններին՝ շատ դեպքերում վնասելով ցածրահարկ շենքերի տանիքները: Այս ամենը, բնականաբար, բնակչության շջանում արդարացի բողոք են առաջացնում:
Կարդացեք նաև
Վերը նշված հաճախակի հանդիպող անցանկալի երևույթները կանխելու, ինչպես նաև կանաչ տնկարկների կյանքը երկարացնելու համար մեծ նշանակություն ունեն ծառերի երիտասարդացման և ձևավորման աշխատանքները:
Ծառերի և թփերի խնամքի կարևոր եղանակներից է խորը էտը (երիտասարդացումը): Այն կատարվում է ծառաբույսերի ողջ կյանքի ընթացքում: Ծերացած շատ ծառեր, չնայած բավարար խնամքին, կորցնում են իրենց արժեքավոր դեկորատիվ հատկությունները, տերևները մանրանում են ու խունանում, դանդաղում է աճը: Ավելորդ չենք համարում նաև նշել, որ քաղաքային պայմաններում ծառերն ավելի վաղ են ծերանում և մահանում, քան բնական պայմաններում:
Փորձով հաստատված է, որ խորը էտի միջոցով կարելի է խթանել ժամանակից շուտ ծերացած և մահացման փուլում գտնվող ծառերի կենսունակությանը: Ծառերը երիտասարդացնելով որոշ դեպքերում 2/3-ով ակտիվանում է պսակի մակերևույթի շիվերի աճը, մեծանում են տերևների չափերը և կարճ ժամանակահատվածում (անգամ առաջին տարվա ընթացքում) մթնոլորտում զգալիորեն ավելանում է թթվածնի քանակը՝ ստեղծելով բարենպաստ միկրոկլիմա:
Խորը էտի շնորհիվ սաղարթի ներսում բարձրանում է օդի և լույսի աթափանցելիությունը, բարելավվում է ջրամատակարարումը, ինչը և նպաստում է ծառերի նորմալ աճին ու զարգացմանը: Երիտասարդացման ժամանակ անհրաժեշտ է ծառի սաղարթն իջեցնել՝ թողնելով 2-4 թև, հակառակ դեպքում ծառն ուժեղ աճ է տալիս և կարճ ժամանակ անց նորից մեծ սաղարթ է ունենում:
Կանաչապատման ընկերությունների կողմից նախորդ տարիներին կատարված բազմաթիվ ծառերի երիտասարդացման փորձը թույլ է տալիս փարատելու ծառերի վնասելու վերաբերյալ մտահոգությունները: Երիտասարդացումը, որը երբեմն սխալմամբ մեկնաբանվում է որպես «հատում», ագրոտեխնիկական միջոցառում է և մեծ նշանակություն ունի ծառերի նորմալ աճի և զարգացման համար:
Եվ, որպես ամփոփում անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանի Հակոբյան փողոցի բարդիների խորը էտին, հարկ ենք համարում նշել, որ այն իրականացվում է ագրոկանոններին համապատասխան: Վերջին 3-4 տարվա ընթացքում այստեղ թվով 3 գերաճ տված բարդիներ են տապալվել ՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել:
Մայրաքաղաքի որոշ ծառատեսակների խորը էտի ենթարկման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն է տրամադրվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի Բնապահպանության հանձնաժողովի կողմից, իսկ ավելի վաղ՝ դրական եզրակացություն են տվել կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լ.Վ.Հարությունյանը, Գյուղակադեմիայի ամբիոնի վարիչ, Բուսաբանական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիայի թղթակից անդամ Ժ.Վարդանյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության երկրագործության և բույսերի պաշտպանության ինստիտուտի Միջատաբանության բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝ Զ.Մանուկյանը և այլք:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ