Այսօր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մասնակցում էր ազատամարտիկների եւ կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված կլոր սեղան քննարկմանը, տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են դեկտեմբերի 10-ին ազատամարտիկների կողմից անցկացվելիք հանրահավաքի կազմակերպչական հարցերն ու այն օրակարգը, որով պետք է նրանք հանդես գան: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` ցանկալի կլիներ, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին մասնակցեր նաեւ ՀՅԴ-ն, որովհետեւ պաշտոնապես դաշնակցությունը ընդդիմադիր քաղաքական ուժ է:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով`պակաս կարեւոր չէ հավաքին հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությունը, նաեւ այն, որ մինչ ամսի 10-ը պետք է քննարկումներ կազմակերպել հասարակական դաշտի ներկայացուցիչների, ակտիվիստների հետ, օգտագործել նրանց ներուժը:
Դիտարկմանն էլ`արդյոք կայանալիք հանրահավաքը շրջադարձային կլինի՞ հասարակության համար` Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Փոփոխություն երկրում միայն այն ժամանակ կլինի, երբ քաղաքական ուժերի առաջնորդները միասնական կանգնած կլինեն Ազատության հրապարակում: Իսկ առանց իշխանափոխության մեր երկրում արմատական բարեփոխումներ չեն կարող լինել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ