Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մարզում գիտամանկավարժական ներուժի խոշորացման խնդիր կա»․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2013 17:37

9850Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով Վանաձորում էր:

Նախարարն այցելեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց, Վանաձորի պետական բժշկական քոլեջ, ապա հանդիպում ունեցավ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ու Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների հետ:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ Վանաձորում եղած ուսումնական հաստատությունների հիման վրա նոր տիպի Վանաձորի պետական համալսարան ստեղծելու անհրաժեշտությանը` նկատելով, որ մարզի տնտեսական, հասարակական զարգացումն ապահովելու համար մարզում գիտամանկավարժական ներուժի խոշորացման խնդիր կա:

«Մարզում կա նոր տիպի եւ նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ կլինեն»:

Այդ նպատակով էլ, ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի, քննարկման փուլում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման հարցը, ինչի արդյունքում կստեղծվի Վանաձորի պետական համալսարանը:

«Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում»,-ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Վանաձորում այս հարցը պետք է լուծվի:

«Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին եւ ոչ միայն Վանաձորում»,-նկատեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը զավեշտ համարեց շրջանառվող այն լուրերը, թե բուհերի միավորվելուց հետո ՎՊՄԻ-ի շենքը պետք է մասնավորեցվի:

«Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել եւ չունի, եւ զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930