Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հրաժարական տվել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը

Նոյեմբեր 20,2013 17:25

Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովն ընդունեց նախկին նախագահ Արման Մուրադյանի հրաժարականը: Aravot.am-ը ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել նման որոշում կայացնելու պատճառը:

– Պարոն Գաբրիելյան: Դուք ֆեդերացիայում ամենաշատն եք շփվել Արման Մուրադյանի հետ, հետեւաբար, կարող եք ասել, թե ինչո՞ւ նա որոշեց հեռանալ հայկական բռնցքամարտից, ինչը շատերի համար անակնկալ էր:

– Ոչ մի արտառոց պատճառ չկա: Դեռ ամռանը պարոն Մուրադյանը դիմել էր ֆեդերացիայի գործկոմին, որ ցանկանում է հրաժարական տալ: Բայց հաշվի առնելով, որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել եւ հաստատած ծրագրերը պետք է մինչեւ վերջ իրականացնել, խնդրեցինք նրան առայժմ շարունակել ղեկավարել ֆեդերացիան, ինչին նա ընդառաջ գնաց:

Վերջին մրցումը եղավ Անապայում` Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանը մեկական ոսկի եւ բրոնզ նվաճեց: Առաջնության մասնակցությունն ամբողջությամբ ֆինանսավորել էր Արման Մուրադյանը: Միայն դրանից հետո` նոյեմբերի 16-ին կայացած գործկոմի նիստում նա զեկույցով հանդես եկավ: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աշխատել են իր հետ, պարոն Մուրադյանը, այնուամենայնիվ, խնդրեց ընդունել իր հրաժարականը: Բայց նշեց նաեւ, որ չի կարող լրիվ անտեսել հայկական բռնցքամարտը եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցել:

– Այնուամենայնիվ, տեղյակ չէ՞ք հրաժարականի բուն պատճառի մասին:

– Պատճառը զբաղվածությունն է: Գիտեք, որ նա բիզնեսմեն է (Արման Մուրադյանը ԲԱՄՕ հանրահայտ ընկերության հիմնադիր ընտանիքից է: Ա. Հ.), ապրում է Ռուսաստանում, որի պատճառով ի վիճակի չէ այն չափով կազմակերպել եւ իրականացնել այն ծրագրերը, որոնք ինքն էր նախանշել: Այս առումով, կարծում եմ, Արման Մուրադյանը ճիշտ որոշում է կայացրել:

– Հնարավո՞ր է, որ նա բավարարված չէր այս տարիների ընթացքում ներդրած գումարների դիմաց ձեռք բերված արդյունքներից:

– Ոչ: Այդպիսի բան չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930