«Արաքս գետի արգելաթմբում առաջացել են փոսեր, որոնք կարող են արգելաթմբի փլուզման պատճառ հանդիսանալ: Գավառագետի եւ վտակի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով անցնող շուրջ 2,2 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների հուների լցվածության, բուսապատվածության հետեւանքով առափնյա հողատարածքները գերխոնավանում են, բնակելի տներն ու օժանդակ կառույցները՝ ջրակալվում եւ ողողվում: «Արզական» սանիտարական գոտու տարածքում Հրազդան գետի վարարումների ժամանակ հեղեղաջրերը ողողում են կապտաժները՝ վտանգելով Երեւան քաղաքի անխաթար ջրամատակարարումը: Վտանգը կանխելու համար անհրաժեշտ է շուրջ 1 կմ հատվածում իրականացնել գետի հունի մաքրման եւ ուղղման աշխատանքներ»,-այսպես է հիմնավորել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ՀՀ կառավարությունից ստանալիք 46 միլիոն 150 հազար դրամ գումարի ծախսերը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից, այդ գումարը գյուղատնտեսության նախարարությանն անհրաժեշտ է Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: 46 միլիոն 150 հազար դրամը կհատկացվի բյուջեի պահուստային ֆոնդից:
Գյուղնախարարի ներկայացմամբ` «Ալվանք համայնքի տարածքում Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոմայրուղու 82+800 85+750 կմ միջակայքում շուրջ 470 մ ընդհանուր երկարությամբ հատվածներում Արաքս գետի ափը վթարային վիճակում է եւ այն չամրացնելու դեպքում առկա է սահմանամերձ տարածքի ու հողերի ողողման, ինչպես նաեւ ավտոմայրուղու քանդման վտանգ:
Կապան քաղաքի տարածքում Կավարտ գետի ափը, առաջացած սողանքի պատճառով, ամրացման կարիք ունի: Դիլիջան քաղաքի ավտոկայարանին հարակից տարածքում Հովվաջուր գետի 150-170 մ երկարությամբ հատվածը խիստ վթարային վիճակում է, ափապաշտպան հենապատերը թեքվել են կամ թափվել հունի մեջ, խոչընդոտելով գետի ջրի բնականոն հոսքին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ