Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական Գյումրիում շրջանառվող ու նաև մամուլում տեղ գտած այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրի է այցելում` այն փակ քաղաք դարձնելու թեման քննարկելու նպատակով:
«Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար, ինչ-որ օդի մեջ խոսակցություն , չկա էդպիսի բան, ես ուղղակի զարմանում եմ, թե նման ինֆորմացիա ո՞վ կարող էր տարածել»,- ասաց Գյումրու քաղաքապետը:
Ու թեև Գյումրիում մեծ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն են վերանորոգում, օդանավակայանի, ինչպես նաև Երկրաշարժի զոհերի հուշարձան տանող ճանապարհները՝ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հյուրընկալելու համար, սակայն Գյումրու քաղաքապետը դեռ վստահորեն չի ասում, թե Պուտինը հարյուր տոկոսով Գյումրի այցելելու է:
Նրա տեղեկացմամբ, այդ օրը Գյումրիում տեղի է ունենալու հայ-ռուսական տնտեսական ֆորում, որին մասնակցելու են ՌԴ տարբեր նահանգապետեր, նախարարներ ու գործարարներ:
Կարդացեք նաև
Իսկ քաղաքը գեղեցկացնելը Սամվել Բալասանյանը պատճառաբանում է այսպես. «Եթե մեր ընտանիքում հյուր է գալիս, պարզ է, որ մեր քաղաքը ավելի պատշաճ ձևով պետք է ներկայացնենք»:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ