«Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում, օգտագործումը և օգտատերերը» թեմայով քննարկման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով հայաստանյան ֆեյսբուքյան հարթակը` բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծիք հայտնեց, թե «ֆեյսբուքը անպատասխանատու հարթակ է» և «արդարադատության նախարարությունը պիտի փորձի կանոնակարգել դաշտը, և լավ կլիներ, որ մի քանի դատական հայց ներկայացվեր, երբ Ֆեյսբուքով անձին վիրավորում են»:
Aravot.am-ը ոլորտի փորձագետների հետ զրույցում փորձեց պարզել` արդյոք նման կարգավորման իրականացումը չի՞ պարունակում գրաքննության ինչ-ինչ տարրեր:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ֆեյսբուքյան հարթակի կանոնակարգման հարցում գրաքննության վտանգի հավանականություն տեսնում է: Նա փոխանցեց հետևյալը. «Պետությունը չպետք է որևէ բան կարգավորի, դա ստեղծված է սոցիալական ցանցերի համար, պետության գործը չէ մտնել դրա մեջ և կարգավորումներ մտցնել: Ի վերջո, եթե մարդուն վիրավորում են, նա կարող է դրա համար դատական հայց ներկայացնել»:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այս առիթով նշեց. «Ցանկացած միջամտություն կարելի կլինի համարել գրաքննություն` կախված միջամտության որակից: Եթե ՀՀ օրենսդրության մեջ կա զրպարտության, վիրավորանքի մասին հոդված, ապա դա հո չի՞ նշանակում, որ ամենուր գրաքննություն է տեղի ունենում, ուրիշ բան, որ տուգանային սանկցիաներն են ծանր: Ուստի այնպես պետք է անել, որ դա ԶԼՄ-ներին չոչնչացնի: Ինչ վերաբերվում է ֆեյսբուքյան հարթակի կանոնակարգմանը, ապա կանոնակարգման մեխանիզմ ասողները պիտի ավելի հստակ ձևակերպեն`ինչ ասել է կանոնակարգում: Այդ ժամանակ էլ ավելի հստակ կարելի է ասել, կա՞ խոսքի ազատության սահմանափակում, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.wix.com–ից