Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդը» դատարան էր ներկայացել, «առողջ» պատասխանողը՝ հոգեբուժարանը, դատարանում չէր

Նոյեմբեր 20,2013 16:04

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք էր բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը:

Նա դատարան էր ներկայացել իր վստահորդի՝ Ժուլետա Ամարիկյանի հետ:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, այսօր լսեց փաստաբանի բողոքը: Պատասխանող՝ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանն էլ դատարան չէր ներկայացել:

Դատարան ներկայացած տիկինն ասաց, որ իր եղբայրն է իրեն ոստիկանների միջոցով գցել հիվանդանոց, որ ինքը առողջ է, որ հրաժարվել է դեղեր ընդունելուց, իսկ Տիգրան Հայրապետյանն էլ իր բողոքում հղումներ էր արել մի շարք միջազգային փաստաթղթերի, համաձայն որի՝ չի կարելի մարդուն հարկադրաբար բուժհաստատություն տանել, որ հոգեբուժարանում գտնվողից պետտուրք չեն գանձում:

Տիգրան Հայրապետյանը պահանջում էր տալ վնասի փոխհատուցում, մերժել դատարանի որոշումը:
Ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթերի, ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանը հունիսի 1-ին դատարանին ներկայացրած դիմումով խնդրել է թույլատրել քաղաքացի Ժուլետա Ամարիկյանին ենթարկել հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման: Ավանի հոգեբուժական կլինիկայի ներկայացուցիչը հայտնել է, որ Ժ. Ամարիկյանը մայիսի 30-ին ընդունվել է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկա՝ «սուր զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:

Ինչն այսօր, ի դեպ, «հիվանդը» չընդունեց: Ըստ բուժհիմնարկի, տիկինը հրաժարվել էր ստորագրել նաեւ բուժման համար համաձայնության դիմումը: Դատավոր Ս.Միքայելյանին հետաքրքրում էր, թե արդյոք տիկինը հաշվառված եղե՞լ է հոգեբուժարանում, Ամարիկյանը պատասխանեց, որ ոչ, մինչդեռ, ըստ գործի նյութերի, Ամարիկյանը հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում, եւ հունիսի 1-ին զննվել է բժշկական հանձնաժողովի կողմից: Զննողները հայտնել էին. «Հիվանդի ներկա հոգեկան վիճակը անհրաժեշտություն է առաջացնում նրան հարկադրաբար բուժելու, վտանգ է ներկայացնում իր և շրջապատի նկատմամբ և կարիք ունի ստացիոնար բուժման»:

Քաղաքացի Ժ. Ամարիկյանն ասաց, որ ինքը հիվանդ չէ, որ 22 տարի դեղ չի խմել, ալերգիա ունի, ուստի հիմնականում սնվում է մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով: Նա նաեւ հայտնեց, որ եղբոր կինն իրեն ծեծել է, սառը ջուր լցրել վրան, հետո ոստիկանների միջոցով գցել են հոգեբուժարան:

Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռում ժամանակի մասին չկար որեւէ նշում, քանի որ, ըստ բողոքը քննող դատավորների, բուժհաստատությունը միայն կարող է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի բուժման համար:

Դատարանին՝ Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան, Դ.Խաչատրյան կազմին հետաքրքրում էր, թե քաղաքացին դիսպանսեր-հսկողության տակ գտնվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչին կողմը տվեց բացասական պատասխան:

Դատարանը իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 3-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930