ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀ քաղաքացիների եւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ փողոց դուրս գալ եւ պայքարել, «Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ-ն ե՞րբ չի դուրս եկել բոլոր այն հարթակներ, որտեղ հանրության կողմից կոնկրետ խնդիրներ են ներկայացվել»: Հետաքրքրվեցինք`ԲՀԿ-ն պատրա՞ստ է միանալ այդ թվում նաեւ իշխանափոխության պահանջներին, պարոն Ուրիխանյանն ասաց, որ ինչ վերաբերում է իշխանության գործելակերպին, ապա դրանից է բխում ԲՀԿ-ի քննադատությունները, ինչին, իր գնահատմամբ, վարչապետը ջղագրգռ է արձագանքում. «Որեւէ պաշտոնատար անձի կամ իշխանության փոփոխություն մեզ համար մի նպատակ է միշտ հետապնդել եւ հետապնդում`հայաստանցիների կյանքի փոփոխություն: Եվ եթե այս կառավարությունը, ինչն անհնարին է ու ապացուցված է երկար տարիների գործունեությամբ, կարողանար երբեւէ կտրուկ փոխել հայաստանցիների վիճակը, ինչը ժամանակին պետք է կտրուկ եւ իրատեսական քայլերով ու ծրագրերով իրագործվեր ու հիմա էլ, ապա մենք չէինք քննադատի: ՀՀ քաղաքացու կյանքի որակը փոխեք, բարելավեք ու մեր քննադատությունը կփոխվի այլ կողմ»:
«Ա1+»-ի հարցին`հնարավո՞ր են կոնկրետ քայլեր ԲՀԿ-ի կողմից, պատգամավորն ասաց. «Բոլոր մեր քայլերը շատ կոնկրետ են, եթե օրակարգում կա իրատեսական հարց, այդ թվում նաեւ հանրահավաքներ»: Դիտարկմանն էլ, որ օրինական ճանապարհով մեր երկրում հնարավոր չէ իշխանափոխության հասնել, պատգամավորն արձագանքեց. «Կարծո՞ւմ եք, իսկ ես ունեմ հավատ, որ հնարավոր է: Զանգվածային պահանջատիրությունն օրինականության դաշտից է»:
Մանրամասները`տեսանյութում
Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը խոստացավ ավելի ուշ արձագանքել պատգամավորի դիտարկումներին, քանի որ այժմ Պետերբուրգում է, որտեղ է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ