Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված ակտիվիստը Մաշտոցի պողոտայում կատարված սադրանքների մասին նոր մանրամասներ է պատմել

Նոյեմբեր 20,2013 15:34

«Հայկը պատմում էր` 5 օր կիսաքուն նստացույցի են եղել, էներգիաները սպառված վիճակում էին: Իրենք հստակ հեղափոխություն անելու էին գնացել, իրենց ակցիան գիտակցել են, բայց հետեւանքը, որ սադրանքի պատճառով կհայտնվեն քրեական անձնավորության կարգավիճակում, չեն պատկերացրել»,- Aravot. am-ին ասաց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Հայկ Հարությունյանի փաստաբանը` Արտեմ Ալեքսանյանը:

Նա դեռ չի ցանկանում մանրամասնել, թե ինչ սադրանքների մասին է իրեն երեկ պատմել իր պաշտպանյալը. «Չեմ պատրաստվում հրապարակել: Մինչեւ ամբողջ ծավալով նյութերը չպահանջեմ, չեմ ասի ինչ-որ բան»:

Ըստ նրա, Քրեական օրենսգրքի 316 հոդվածը «Մարտի 1»-ից հետո շատ մոդայիկ է դարձել, բայց իր պաշտպանյալի գործողությունների ու առաջադրված մեղադրանքի համարժեքության մասին էլ, ըստ նրա, դեռ վաղ է գնահատականներ տալ. «Ինչ վերաբերում է `բռնությունների կիրառմանը, կադրերում տեսնում ենք, բայց միայն մասնագիտական վերլուծության արդյունքում դրա մասին գնահատական կտամ»:

Փաստաբանը զգուշավոր է, որովհետեւ մտավախություններ ունի. «Հնարավոր է` իմ բերանը փակելու համար Հայկին նեղեն, որ ինչ-որ բաներ չասեմ, անհրաժեշտության դեպքում ԶԼՄ-ներին կասեմ: Այս պահին Հայկին նեղելու փորձեր չեմ նկատել, բայց մտավախություն ունեմ»:

Երեկ Հայկին հանդիպած փաստաբանը նաեւ պատմեց, որ իր պաշտպանյալն ու մյուս ձերբակալված ակտիվիստները ստացել են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը` ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցման մերժման մասին. «Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել, որովհետեւ նրանք գործել են օրինականության սահմաններում: Բողոքարկումը չարժի էլ անել, որովհետեւ անիմաստ է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք` դատարանը չի կարող հանկարծ որոշել` չէ, քրեական գործ պետք է հարուցեք ոստիկանների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դեռ 13 ակտիվիստ կա ձերբակալված:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930