ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան էին ներկայացել բողոքաբեր Արայիկ Զալյանն ու ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը:
«Մատաղիսի գործով» արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը պատշաճ ծանուցվել էին, սակայն չէին ներկայացել դատարան:
Դատավոր Ս.Միքայելյանը հրապարակեց ինչպես Արայիկ Զալյանի եւ մյուս երկուսի բողոքներն ու պահանջը, այնպես էլ՝ Ջհանգիրյանի կողմի պատասխանը:
Բողոքաբեր կողմը պահանջում էր հուլիսի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի դատական ակտը բեկանել: Հիշեցնենք, որ «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը դիմել էին դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչել: Դատարանը հայցը մերժել էր:
Կարդացեք նաև
Գագիկ Ջհանգիրյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել էր՝ «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «դրանք մարդասպան են» (www.aravot.am) », «դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» (www.lragir.am), ինչը ըստ կողմի, ուղղված չի եղել արդարացվածներին.«Ջհանգիրյանը իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու»:
Ի դեպ, ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանալով հատուկ սուբյեկտ, արտահայտել է կարծիք մի գործի վերաբերյալ, որի նախաքննությունն իրականացվել է իր` զինվորական դատախազի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է նրա ղեկավարած կառույցը և մեղադրական եզրակացությունը հաստատվել է նրա կողմից:Կողմը նաեւ վիրավորանք եւ զրպարտություն չէր տեսել արտահայտած կարծիքում, եւ պահանջել էր բողոքը մերժել:
Դատավոր Ս.Միքայելյանին հետաքրքրեց, թե կողմերն արդյոք, տեսնո՞ւմ են հաշտության եզրեր, պարզվեց, որ ոչ:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 27-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ