Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց Արծվաշենի մասին

Նոյեմբեր 20,2013 14:24

Ու հարց ուղղեց` ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը լռում,  երբ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարը խախտվում է

«Ղարաբաղյան կոնֆլիկտը, որի կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքում է, բնականաբար, տարածաշրջանի անվտանգության համար խնդիր է: Կարծում եմ՝ ոչ ճիշտ պատկերացում կա, որ կոնֆլիկտը երկկողմանի է: Կներեք, այդ կոնֆլիկտը եռակողմ է` հայ-ադրբեջանական եւ ադրբեջանա-ղարաբաղյան, որովհետեւ կան տարածքներ, մասնավորաբար՝ Արծվաշենը, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո: Զորքերը գտնվում են շփման գծում՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Նախիջեւանի տարածքը` մոտ 210 կմ, այնտեղ էլ զորքեր կան: Այսինքն՝ կոնֆլիկտ գոյություն ունի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- երեկ «ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` հակադարձելով քննարկման ժամանակ հնչած որոշ դիտարկումների:
Պարոն Հարությունյանը նկատեց, որ այժմ՝ ժամանակակից պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են լինում, ու հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀԱՊԿ-ի արձագանքն այս դեպքերին: Ներկայումս այն ընդհանրապես չկա: Բանախոսը հիշեցրեց, որ ՀԱՊԿ նախագահը քանիցս հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը կկիրառի իր բոլոր իրավասություններն այդ ասպեկտում: «Իսկ որպեսզի ագրեսիա թույլ չտրվի, կանխարգելի սահմանային միջադեպերը, ՀԱՊԿ-ը ի՞նչ պետք է անի»,- հարցրեց Վաղարշակ Հարությունյանը` հավելելով, որ կոնֆլիկտում ՀԱՊԿ անդամ երկրներին ներգրավելու նպատակ չունենալով՝ այնուհանդերձ, պետք է միջամտության ինչ-որ տարբերակներ գտնվեն` կոնֆլիկտի հետագա էսկալացիան այս կերպ թույլ չտալու համար:
Իբրեւ ՀԱՊԿ-ի ձեռքբերում՝ պարոն Հարությունյանը նշեց նաեւ, ի դեմս ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի ջանքերը` գործադրված 1994 թվականին` հրադադարի ստորագրման առումով: Այսօր էլ բանախոսը համարում է, որ ՀԱՊԿ-ը կայունացնող դերակատարում է խաղում եւ նպաստում է անդամ երկրների զարգացմանը: Խոսելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններից՝ նա նկատեց, որ կոնկրետ նյութական օգուտներ չունենալով՝ Հայաստանը, ցավոք, ներգրավվում է այդ կառույցի իբր խաղաղապահ առաքելությանը: Նա օրինակ բերեց իրաքյան պատերազմում Հայաստանի ակամա ներգրավումը, ինչպես նաեւ աֆղանական ու Կոսովոյի: Զուգահեռներ անցկացնելով «դեմոկրատիա առաջ տանող» ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ՝ պարոն Հարությունյանն ասաց. «Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը կանգնեցնում եւ կարգավորում է կոնֆլիկտները, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի տեսանկյունից, մենք ստանում ենք մասնակցություն կոնֆլիկտների, որոնց արդյունավետությունը բավականին վիճելի է»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիտինն արձագանքելով նախկին նախարարի հարցադրումներին՝ ասաց, որ այսօր ՀԱՊԿ-ը կարող է միայն կիրառել կարգավորմանն ուղղված համատեղ ջանքեր. «Առավել էական քայլեր, ասենք՝ խաղաղապահ ուժերի ներգրավում եւ այլն, այսօր կանգնած չեն ՀԱՊԿ-ի առջեւ: Դեռ վաղ է այդ մասին խոսել: Դա քաղաքական իշխանությունների, դիվանագետների լուծելիք խնդիրն է: Խաղաղապահ ուժեր մտցնելն արդեն օպերատիվ միջամտություն է նշանակում»: Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ ինքն էլ հարցը քաղաքական համատեքստում էր հնչեցնում եւ ոչ թե ռազմական միջամտության անհրաժեշտության մասին էր ակնարկում:
ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինն էլ արձագանքելով նախկին նախարարի` ՆԱՏՕ-ի վերաբերյալ դիտարկումներին՝ ասաց, որ միանգամայն կիսում է նրա մոտեցումները: Նա ասաց, որ Իրաքում՝ օկուպացիայի ժամանակ, մեկ միլիոն մարդ զոհվեց, հինգ միլիոնը փախստական դարձավ, բայց ԱՄՆ պետքարտուղարն անգամ նեղություն չկրեց ներողություն հայցելու այդ անձանցից, քանի որ քիմիական զենքը, որը ԱՄՆ-ը փնտրում էր Իրաքում, համոզված էր, որ կա, այդպես էլ չհայտնաբերվեց: Նա հիշեց նույնիսկ մի ներկայացուցչական սեմինարի մասին, որին ինքն էլ էր մասնակցել, եւ որտեղ Իտալիայի ներկայացուցիչները խստագույնս քննադատել էին ՆԱՏՕ-ին` իրաքյան պատերազմի համար, ու քննարկմանը ներկա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն անգամ փորձ էլ չեն արել հակադարձել իտալացի քաղաքագետներին: Իտալացիներն անգամ առաջարկել են մի քննարկում անցկացնել` «ՆԱՏՕ-ն Իրաքից հետո» թեմայով:
Քննարկումից հետո «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ նկատեց, որ քչերն ուշադրություն դարձրեցին այն փաստի վրա, որ ՌԴ-ն ազդեց Իսրայելի վրա` Ադրբեջանին զենքի վաճառքը նվազեցնելու առումով: Այստեղ մեր զրուցակիցը անհեթեթություն չի տեսնում: Պարզաբանում է. «Թե Թուրքիայի, թե Ուկրաինայի, երբեմն նաեւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ լինում է, ու դա Ռուսաստանին անհանգստացնում է: Հավանաբար, իրենք ուզեցին Ադրբեջանին հիմնական զենք վաճառողը լինել, որպեսզի նաեւ որոշակիորեն կարողանան վերահսկելի դարձնել դաշտը: Պարզապես դա համընկավ որոշակի փուլի հետ ու այդ փուլում որոշակի քաղաքական ազդանշան էր»: Ինչեւէ, մեր զրուցակիցը վստահ է, որ թե հայ-ռուսական հարաբերությունների, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում բալանսը երբեք ի վնաս Հայաստանի չի լինի. «Եթե նկատի ունենանք, որ ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ-ը միակ կենսունակ կառույցն է եւ Հայաստանի անվտանգության մեկ հիմնական մասն ուղղակիորեն պայմանավորված է այդ անդամակցությամբ, ապա թե ՌԴ-ն, թե Հայաստանը երբեք թույլ չեն տա, որպեսզի նման բարդ տարածաշրջանում Հայաստանի կողքին լինի ռազմական կամ քաղաքական առավելություն ունեցող հարեւան, քանի որ դա կբերի շատ անկանխատեսելի հետեւանքներ` ամբողջ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու համար, անգամ դրանից դուրս շրջանակներում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Վաղարշակ Հարությունյանի հետ զրույցը Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության մասին՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930