Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ստատուս-քվոյի պահպանմա՞ն, թե՞ փոփոխության կողմնակից է

Նոյեմբեր 20,2013 14:21

Հայաստանին առնչվող բոլոր հնարավոր զարգացումները  կապված են այս հարցի պատասխանի հետ

2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից երկու տարի անց երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Վիեննայում: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, ըստ հանդիպումը լուսաբանող լրագրողների՝ կանգնել են կողք կողքի, լուսանկարվել, զրուցել, սակայն ձեռքսեղմում տեղի չի ունեցել։ Հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչպես անցան բանակցությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ «նորմալ»:
Ըստ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ «Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած՝ համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիեւում»: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ տարվա վերջ:
Վիեննայում երեկ կայացած հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանին էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ «Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ: Քերին հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ, այդ մասին նա հայտնել էր Վաշինգտոնում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում. «Մենք ձգտում ենք առաջ մղել կարգավորման գործընթացը եւ շարունակելու ենք մեր ջանքերը»: Քերին հավելել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Դավութօղլուի հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան «մեծ» դեր ունի տվյալ հարցում:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր նամակ հղել Ալիեւին՝ հորդորելով նրան բաց չթողնել պատմական հնարավորությունը եւ օգտագործել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ հակամարտության կարգավորման համար։ Մոսկվան նույնպես դրական սպասումներ էր հայտնում բանակցությունների առիթով։ Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր. «Հույս ունենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ ուղիղ շփումները կվերսկսվեն, մենք ամեն կերպ կօգնենք, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը՝ ավելի շուտ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որն ընդունելի կլինի կողմերի համար»:
Վիեննայի հանդիպման առանձնահատկություններից մեկը, թերեւս, այն է, որ այն անցավ պաշտոնական Անկարայի՝ կարգավորման գործընթացում բացահայտ ներգրավման հրապարակային շահագրգռությունների ցուցադրման ֆոնին։ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի այցը Վաշինգտոն եւ պետքարտուղար Քերիի հետ նրա բանակցություններն ի սկզբանե կապվեցին ԼՂ կարգավորման թեմայի հետ: Թուրքական մամուլը գրում էր, թե Դավութօղլուն կփորձի համոզել ԱՄՆ-ին՝ նոր լիցք հաղորդել ԼՂ բանակցություններին: Քերիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում Դավութօղլուն նշել էր. «Հուսով ենք, որ ԼՂ հակամարտությունը կարճ ժամանակահատվածում կստանա իր լուծումը եւ դրանով իսկ Կովկասի տարածաշրջանին կբերի խաղաղություն»:
Երեկ Կրեմլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ՌԴ-ում հանդիպելու է նոյեմբերի 21-22-ին: Սանկտ Պետերբուրգում այդ օրերին ծրագրված է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Էրդողանի այցը ՌԴ տեղի է ունենալու Պուտինի հրավերով: Թե ինչ կքննարկվի ռուս-թուրքական բանակցություններում ԼՂ հակամարտության թեմայի շուրջ՝ դժվար է կանխատեսել, սակայն պարզ է, որ Անկարան այդ հանդիպման առիթն էլ կօգտագործի՝ լրացուցիչ անգամ ԼՂ կարգավորման առիթով պահանջներ ներկայացնելու համար:
Թվում է, թե երեկ Վիեննայի բանակցությունները ԼՂ խաղաղ կարգավորումը տեղից շարժելու հնարավորություն էին, մանավանդ, որ համանախագահները առաջիկայում կազմակերպելու են աշխատանքային հանդիպումներ նաեւ ԱԳ նախարարների հետ: Սակայն եթե դիտարկում ենք տարածաշրջանում առկա մթնոլորտը, թե ինչ պայմաններում տեղի ունեցան բանակցությունները, ապա այդ հանդիպման շուրջ իրավիճակն առավել հետաքրքրական է:
Պաշտոնական Բաքվի կողմից Սաֆարովին պետական մակարդակով հերոսացնելու արդյունքը եղավ այն, որ երկու տարի սառեցվեց ԼՂ կարգավորման գործընթացը: Այդ ընթացքում ՌԴ-ն չորս միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքի պայմանագրեր կնքեց Ադրբեջանի հետ: Հինգ տարի առաջ Անկարան ԼՂ հակամարտության պատճառով տապալեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Տեւական ժամանակ միջազգային հանրության մոտ համոզմունք կար, որ գոնե Արեւմուտքը լիակատար ըմբռնում ունի այս ամենի առիթով, եւ հայկական կողմը շահեկան վիճակում է՝ այն առումով, որ ԼՂ հակամարտության կարգավորմանը խոչընդոտում է պաշտոնական Բաքուն, իսկ Անկարան էլ ԼՂ խնդրի պատճառով արգելափակում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Հայաստանը սեպտեմբերի 3-ից շեշտակի անցում կատարեց դեպի Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներ: Այժմ Հայաստանը, Մոսկվայից բացի, այլ դաշնակից, կարծես, չունի: Այլ հարց է, թե «դաշնակից» ասվածի հետ կապված մեր իրականությունում ինչ պատկերացումներ են այսօր գերիշխում:
Մոսկվան ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանմա՞ն, թե՞ փոփոխության կողմնակից կլինի… Հայաստանին առնչվող բոլոր հնարավոր զարգացումները կապված են այս հարցի պատասխանի հետ:
Ի դեպ, Regnum գործակալությունը երեկ ուշագրավ տեղեկություն տարածեց: ՌԴ-ն պլանավորել է ուժեղացնել Բելառուսի հետ ՀՕՊ միասնական համակարգը, ինչպես նաեւ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ղազախստանի հետ նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ձեւավորմանը՝ Կրեմլում զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս հավելել է, որ նմանատիպ համագործակցությունը զգալիորեն բարձրացնում է ՌԴ-ի ու նրա գործընկերների պաշտպանական պոտենցիալը, ինչպես նաեւ ծառայում է ողջ եվրասիական տիրույթում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930