Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշխատակազմի ղեկավարը զանգել է պոլիկլինիկայի գլխավորին, որ աշխատողին բյուլետեն չտա՞ն

Նոյեմբեր 20,2013 14:17

Չնայած որ նրա վիճակն, ըստ բժիշկների, շատ վատ է եղել

Պետությունն իր քաղաքացու բարեկեցությունը հոգում է՝ նրան աշխատանք տալով, եւ եթե աշխատող մարդն ունի առողջական խնդիրներ, ապա իր քիչ թե շատ աշխատավարձով որոշ չափով կարողանում է հոգալ այդ խնդիրները: Լուրջ առողջական խնդիրներ ունեցող 47-ամյա Շողակաթ Հակոբյանին, որը գյուղատնտեսության նախարարությունում աշխատելու 15 տարվա աշխատանքային փորձ ունի, նոյեմբերի 15-ին աշխատանքից ազատել են, ինչ է թե՝ կինը հանդգնել է գյուղնախարարության քարտուղարության պետ Քրիստինե Առաքելյանին փաստաթղթաբանության գրագրության մեջ «սխալ հանել»: Տիկնոջ խոսքերով՝ Քրիստինե Առաքելյանը նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի «բերած մարդն» է, եւ վերջինս չի ներել տիկին Շողակաթին նրա ծանոթի կողմից թույլ տրված տառասխալները բացահայտելու համար: Քարտուղարության վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Շ. Հակոբյանին արձանագրությունները պատրաստելու եւ առաքելու գործը հանձնարարվել է այն բանից հետո, երբ գյուղնախարարության ընդհանուր եւ արձանագրային բաժնի, վերահսկողության բաժնի պետ Իրինա Թադեւոսյանի դեմ նախարարության նախկին աշխատակիցներից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակով դժգոհել է: Վարչապետին գրած նամակում, որն այժմ մեր ձեռքի տակ է, գյուղնախարարության նախկին աշխատակիցը նշում է. «Նախկինում աշխատել եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում եւ գիտեմ, որ այնտեղ որոշ աշխատակիցներ անգրագետ են բառիս բուն իմաստով, անգամ պատկերացում չունեն հայոց լեզվի ուղղագրության մասին»:
Նամակում Լիլիթ Վարդանյան ներկայացած անձը, մասնավորապես՝ նշել է Իրինա Թադեւոսյանի անունը, որն ըստ նամակի հեղինակի՝ գործակարգավարական խորհրդակցությունների արձանագրությունները կազմում է բազմաթիվ տառասխալներով եւ բովանդակային առումով ցիրուցան, չկապակցվող նախադասություններով: Այդ փաստաթղթերի տակ ստորագրած աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն էլ թույլ է տվել, որ փաստաթղթերն այդ տեսքով հասնեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Որպես ասվածի ապացույց՝ վարչապետին նամակ գրած Լիլիթ Վարդանյանը կցել է այդ փաստաթղթերից մի քանիսը՝ Տիգրան Սարգսյանից խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ «նախարարությունում հայոց լեզվի պատշաճ կիրառումն ապահովելու համար»:
«Առավոտի» հետ զրույցում Շ. Հակոբյանն ասաց, որ նամակը կառավարությունից հասցեագրվել է գյուղնախարարություն, եւ աշխատակազմի ղեկավարն այն ստանալով՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն, հանձնարարել է, որ այդ գործը Շ. Հակոբյանն անի: Նրա խոսքերով. «Զգուշացրել է, որ վարչապետին գնացած նամակի մասին ոչ ոք չիմանա: Իրինա Թադեւոսյանին ոչ մի նկատողություն ու տույժ էլ չտվեցին, գործը փակեցին, անցավ գնաց: Նրա գործը ինձ վրա դրեցին: Պարտականություններիս մեջ չէր մտնում շատ գործեր, բայց ինձ էին ասում, որ անեմ»:
Շ. Հակոբյանի պատմելով՝ իր նկատմամբ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ հանդգնել է Քրիստինե Առաքելյանի՝ փաստաթղթում գրված «ԳԱՄԿ»-եր բառի հապավումն ուղղել՝ ասելով, որ գրվում է ոչ թե «ԳԱՄԿ»-ներ, ինչպես գրել է Ք. Առաքելյանը, այլ «ԳԱՄԿ»-եր՝ առանց ն-ի:
«Հետո, երբ որ ընդհանուր եւ արձանագրային բաժնի պետ Մարինե Հովակիմյանն ասաց, որ ես ճիշտ եմ, նորից ստիպված եղանք այդքան արձանագրությունները հավաքել եւ ուղղել, դարձնել իմ ասածով, եւ նորից թղթային առաքում կատարել: Նրան դուր չեկավ նաեւ, որ ես ասացի, որ պետք է արագ անենք, որպեսզի նախարարի նշած ժամկետում հասցնենք առաքել: Դա ինձ վրա շատ թանկ նստեց»:
Տիկին Հակոբյանի խոսքերով՝ օգոստոսի 15-ին վատառողջ լինելու պատճառով առավոտյան ժամը ինն անց կեսին ստիպված է եղել պոլիկլինիկայից կանչ գրել. «Տեղամասի բժշկուհին ժամը 2-ին այցելեց մեր տուն: Եվ ուղեգիր է տվել, որ ես հիվանդանոց պառկեմ, քանի որ վիճակս այդքան վատ է եղել: Բժշկուհին, բնականաբար, գիտեր, որ ես պետական աշխատող եմ եւ պետք է բյուլետեն տա, սակայն հաջորդ օրը զանգահարում է ինձ եւ ասում, որ չի կարող բյուլետեն տալ, քանի որ մեր աշխատակազմի ղեկավարը զանգել է պոլիկլինիկայի գլխավոր բժշկին եւ ասել, որ անաշխատունակության թերթիկ չտան, քանի որ ես բացակայում եմ քաղաքից: Մինչդեռ աշխատակազմի ղեկավարից սկսած՝ տեղեկացված էին, որ ես վատառողջ եմ, բարեբախտաբար, կանչը արձանագրվել է պոլիկլինիկայում, եւ որ բժշկուհին ինձ այցելել է»: Տիկին Հակոբյանի ներկայացմամբ՝ ստիպված է եղել այդպես ծանր վիճակով ներկայանալ աշխատանքի. «Եվ քանի որ անալիզներ հանձնելու էի գնացել, աշխատանքի եմ ներկայացել 12-ն անց կես: Բայց ես ուղեգիրը ձեռքիս պետք է ոչ թե այդ վիճակով գործի գնայի՝ պարզաբանումների, այլ հիվանդանոցում պառկած լինեի: Այդքանից հետո այնքան մարդկային եմ եղել, որ եկել եմ կիսատ-պռատ գործերս արել եմ եւ գնացել հիվանդանոց եմ պառկել:
Այդ ընթացքում 20-ից ավելի շտապօգնության ծառայություն է եկել, եւ ես գրել եմ, որ հրաժարվում եմ հոսպիտալացումից, ինձ ասում էին, որ ես պառկելու ենթակա հիվանդ եմ: Ես պառկելու ենթակա՝ ընկել քաղվածք եմ հանում, որ ես կանչ եմ գրել, ինչ է թե՝ ապացուցեմ, որ հիվանդության պատճառով եմ գործից բացակայել: Բայց այդքանից հետո նորից դա հիմք չեղավ, եւ աշխատակազմի ղեկավարը նկատողություն տալուց հետո աշխատանքից ազատեց»:
Տիկին Հակոբյանը հիվանդանոցում լինելու պատճառով չի հասցրել նախարարության որոշումը բողոքարկել Քաղծառայության խորհուրդ՝ պատճառաբանել են, որ ժամկետն անցել է: Նա դիմել է դատարան:
Շողակաթ Հակոբյանի խոսքերով՝ բացակայությունն ընդամենը պատրվակ է եղել. «Հունիսի 20-29-ը անաշխատունակության թերթիկ ունեի, բայց քանի որ քաղաքացիների ընդունելությունը ես էի կազմակերպում, շաբաթվա 3 օրը եկել եմ աշխատանքի, քաղաքացիների ընդունելության ցուցակն եմ կազմել, հանձնել եմ նախարարին, աշխատակազմի ղեկավարին եւ համապատասխան վարչության պետերին: Քաղաքացիների ընդունելությունը կատարելուց հետո պատշաճ ներկայացրել եմ, փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը՝ կատարող Շ. Հակոբյան, թե չէ՝ չէի կարող ապացուցել: Այդ ինչու բա չեն ասում, որ բյուլետենի մեջ ներկայացել եմ աշխատանքի: Ով հակառակ մի բան է ասում՝ աշխատակազմի ղեկավարը միանգամից ասում է՝ երկու հատ կարգապահական զեկուցագիր գրեք, թող դուրս շպրտվի»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930