Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական շուկան մեր հայրն ու մայրն է, մեր տատն ու պապը»

Նոյեմբեր 20,2013 14:11

ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝  Մաքսային միությունում կկորցնենք տնտեսական սուվերենությունը

«Ես այդ եվրոպացի ընկերներին ասել եմ՝ դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դրել, դուք ուզո՞ւմ եք ռուսները ծախս անեն, տարածքի քաղաքական անվտանգությունը պահեն, դուք էլ տնտեսական կայֆե՞ր ունենաք Հայաստանում, չի լինում այդպես, բացառվում է»,- վերլուծելով Հայաստանի՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր տարբերակները, իր դիտարկումն արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ընդհանրապես, ըստ Բագրատյանի, պետք չէ ոգեւորվել ոչ Եվրամիության եւ ոչ էլ Մաքսային միության համար, թեեւ դա, ինչպես ԱԺ պատգամավորն ասաց՝ ժողովուրդը պետք է որոշեր. «Ես 1 տարի առաջ հանրապետության բարձրագույն ղեկավարությանը խստորեն զգուշացնում էի՝ ո՛չ մեկով ոգեւորվեք, ո՛չ մյուսով, հանգիստ նստեք տեղներդ, ապրեք, ընենց մի ղալաթ կբերեք պետության գլխին, եւ ես իրավացի դուրս եկա, բացարձակ իրավացի»:
Պարոն Բագրատյանը վստահ է, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ որքան էլ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, թե միությունում ընդհանուր արժույթ չի լինի, այդուհանդերձ՝ Ռուսաստանը կգնա այդ քայլին: ՀՀ նախկին վարչապետի դիտարկմամբ՝ մի քանի տարի հետո, երբ Մաքսային միությունը դժգոհ կլինի իր արձանագրած տնտեսական հաջողություններից, կփորձի անել հաջորդ քայլը՝ միասնական արժույթ ստեղծել. «Դա կամ կլինի միասնական արժույթ, կամ ռուսական ռուբլի. 2 տարբերակում էլ Հայաստանի Կենտրոնական բանկն իր կարգավորիչ ֆունկցիաների զգալի մասը կկորցնի»:
Հայաստանն էլ կկորցնի իր տնտեսական սուվերենությունը, եւ հակառակ իշխանական թեւի հայտարարությունների, թե Մաքսային միությունում սուվերենության կորուստ չենք ունենա, պարոն Բագրատյանը գտնում է, որ Հայաստանն իր տնտեսական սուվերենությունը կորցնելու է թե ԵՄ-ում, թե ՄՄ-ում: «Անպայման կորցնում է, Հայաստանը կորցնում է տնտեսական սուվերենությունը ինչպես Մաքսային միություն մտնելիս, այնպես էլ Ասոցացման համաձայնագիր ստորագրելիս: Այնտեղ կան մաքսային ընդհանուր տարիֆներ, միանշանակ, մենք այլեւս մաքսային տարիֆներ սահմանելու իրավունք չենք ունենա»:
Տնտեսագետը նույնիսկ օրինակներ բերեց, թե որ ապրանքների մաքսատուրքերը կփոխվեն, ինչի արդյունքում այդ ապրանքների գներն էլ կբարձրանան. «Ծխախոտ, խմիչք. Հայաստանում այսօր սրանց մաքսատուրքը, ենթադրենք, 7% է, Մաքսային միությունում՝ 15%, ծխախոտն ու խմիչքը կթանկանան: Մսի ներմուծում. Հայաստանում մոտ 10% է, այնտեղ՝ 60%, օրինակ՝ խոզի բուդը Նոր տարուն առնում ենք կիլոգրամը 3,00 դրամով, այս տարի՝ ոչ, եկող տարի կլինի 5-5,500 դրամ, որովհետեւ այդ շուկան պաշտպանվում է: Նավթը նույն տարիֆներն են, ավիակերոսինը տարբերություն է տալիս: Մեքենասարքավորման տարիֆներն այնտեղ ավելի քիչ են, մեքենաների համար այնտեղ մինչեւ 15% մաքսատուրք կա, մեզ մոտ՝ չկա, մեքենաների հնարավոր թանկացումը կարելի է գնահատել մինչեւ 20-25%: Քիմիական արտադրանքը մեզ մոտ ավելի թանկ է: Մենք ընդունում ենք նրանց տարիֆները, նրանք մեր տարիֆները չեն ընդունում»:
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ մտնելով Մաքսային միություն՝ մենք արդեն պետք է իմանանք, թե որն է մեր նպատակը. «Մեր հայրը, մեր մայրը, մեր պապն ու տատը ռուսական շուկան է»:
Ըստ պարոն Բագրատյանի՝ Հայաստանի մաքսատուրքերի արժեքն ավելի մոտ են եվրոպականին, եւ մենք ՄՄ-ում, մեղմ ասած, այնքան էլ շահեկան վիճակում չենք լինի, եթե մեր կառավարությունը համարձակություն չդրսեւորի եւ մեզ հարմար պայմաններ առաջ չքաշի: Որպես օրինակ Հրանտ Բագրատյանը բերեց Բելառուսի տարբերակը. մոտ 1 տարի լինելով ՄՄ անդամ՝ Բելառուսի տնտեսությունը վատ վիճակում հայտնվեց. «Մինչեւ որ Կրեմլում որոշ ապրանքատեսակների գծով նոր, բացառիկ մաքսատուրքեր չպոկեց:
Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս՝ եթե Հայաստանն իսկապես ուզում է Մաքսային միություն մտնել, չսկսենք էլ արդեն ուշացած եվրոպական ասոցացումը, մի կողմ թողնենք, Հանրապետականին ոնց քցում ես, կատվի նման կանգնում է՝ բա, Վիլնյուսում մի բան կստորագրենք: Սա արդեն վերջ, պրծավ, մոռացեք էդ մասին: Միգուցե մի քանի տարի հետո նորից մի բան լինի, բայց այսօր այդ մասին չպիտի խոսվի»: Իսկ այսօր, ինչպես պարոն Բագրատյանն ասաց, իշխանությունները պետք է մտածեն ու սկսեն բանակցել ՄՄ-ի հետ որոշ ապրանքատեսակների գծով մեզ ձեռնտու մաքսատուրքեր սահմանելու շուրջ:
«Օրինակ՝ եթե մտնենք Մաքսային միություն, ու հանկարծ, ասենք, Իրանի հետ այսօրվա առեւտուրը 180 միլիոն դոլարից կրճատվի մինչեւ 100 միլիոն, մենք 80 միլիոնի փոխհատուցման հարց պիտի դնենք, կամ էլ ասենք՝ թույլ տվեք մենք Իրանի հետ կիրառենք ներկայիս ռեժիմը: Ու մի քանի տարի՝ մինչեւ մեր արդյունաբերությունը սովորի նոր տարիֆներին, պիտի կանչենք մեր արդյունաբերողներին եւ ասենք՝ տարեկան 5% ենք վատացնում, սկսեք սովորել, հարմարվել: Սա կլինի, երբ կառավարությունը ձեռները քշտի ու աշխատի: Իսկ սրանք սիրամարգի պես ընենց մտքեր են արտահայտում: Պետք է շտաբ ստեղծվեր ու սկսեին բիզնեսի ներկայացուցիչների հետ ոլորտ առ ոլորտ աշխատել: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, իմ կարծիքով, անաշխատունակ է, մեզ լուրջ պրոբլեմ է սպասվում, եթե մտնենք Մաքսային միություն»,- վստահեցրեց պարոն Բագրատյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930